ՍԴ-ում հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՌՀ նախագահը
Սահմանադրական դատարանում այսօր շարունակվել է արտահերթ ընտրության արդյունքների վիճարկման դիմումների քննությունը: Հարակից զեկուցմամբ հանդես է եկել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:
Տիգրան Հակոբյանի խոսքով՝ նախընտրական շրջանում կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել հեռարձակել 90 րոպե անվճար քարոզչական նյութ, սակայն 12 ուժ օգտագործել է ընդամենը 4-30 րոպե:
Հանձնաժողովի նախագահը տարօրինակ է որակել հատկապես քաղաքական ուժերի այն պնդումները, թե սահմանափակվել է իրենց ներկայությունը Հանրային հեռուստատեսությունում:
Հակոբյանն անդրադարձել է նաև եթերում ատելության խոսքի, բռնության քարոզի ու հակաքարոզչության դեպքերին:
«Հունիսի 12-ին Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից Հանձնաժողովի նախագահին հասցեագրված գրությամբ տրվել է սպառիչ պարզաբանում, որը ևս առկա է Հանձնաժողովի պաշտոնական կայքում: Դա այն պարզաբանումն է, որ հեռարձակողները, հեռուստա- և ռադիոընկերությունները օրենքով որևէ իրավասություն չունեն՝ միջամտելու այդ քարոզչական նյութերի բովանդակությանը: Սակայն այստեղ ես պետք է նշեմ, որ հանրային հեռարձակողն ունի հատուկ առաքելություն՝ օրենքով ամրագրված: Այն պետք է ապահովի մեր հասարակության կրթական, մշակութային, տեղեկատվական պահանջմունքները և տարածի շատ բալանսավորված տեղեկատվություն: Եվ, փաստորեն, այդ առաքելությունը տարիներով, ասենք, իդեալական դեպքում, կատարում է և գալիս է մի նախընտրական պահ, երբ Հանրայինի եթերը լցվում է առանց որևէ ֆիլտր անցնելու, բովանդակությամբ, որտեղ կա և՛ վիրավորանք, և՛ հայհոյանք, և՛ ապատեղեկատվություն, և՛ հակաքարոզչություն:
Ուզում եմ ասել, որ շատ երկրներում Հանրային հեռուստատեսությամբ քարոզչական այդպիսի նյութերը նախընտրական շրջանում ընդհանրապես արգելված են, և թույլատրված են միայն բանավեճեր ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև կամ հարցազրույցներ, որտեղ հակառակ կողմը՝ լրագրողը, կարող է այդ ատելության խոսքը, ապատեղեկատվությունը ինչ-որ չափով կանխել»,- ասել է Տիգրան Հակոբյանը:
Կարծիքներ