Եթե այսպես շարունակվի, բժիշկներն այլևս առողջություն չեն ունենա՝ քովիդ հիվանդներին օգնելու համար. Սպիտակի ԲԿ տնօրեն. ՀԺ
Աշխատում ենք 7 օր 24 ժամ, օրեցօր՝ վարակվածության նոր դեպքեր, երիտասարդ մահեր: Գերծանրաբեռնված ենք:
Լոռվա մարզի «Սպիտակ» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանն է «Հայկական ժամանակի» հետ զրույցում հուզմունքը զսպելով՝ պատմում քովիդ վերապրոֆիլավորված իրենց կենտրոնում տիրող կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին: Ասում է՝ հիվանդներիս չեմ կարող մենակ թողնել, բայց նաև չի հրաժարվում խոսել:
Երկու տարի արձակուրդ չգնացած, գերհոգնած 225 հոգանոց բուժանձնակազմով հետևում են քովիդով վարակված՝ այս պահին բուժում ստացող 148 հիվանդներին: 17 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 130 մահճակալ ունեն, հիվանդներին տեղավորում են նաև բուժանձնակազմի սենյակներում:
«Հունիսի 8-ից մեր բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է և ընդունում է քովիդով հիվանդ մարդկանց: Բոլոր ալիքների ժամանակ թիմիս հետ պայքարել եմ. թվերն օրեցօր աճում են: Նախկինում տարածաշրջանում միակն էինք ու երբեք ազատ մահճակալ չենք ունեցել: Սարսափելի վիճակում է առողջապահական համակարգը»,- նշում է նա:
Քովիդի դեմ բուժանձնակազմը պայքարում է իր առողջության հաշվին՝ առողջություն պարգևելով, ասում է Սիսակյանը:
Այս ընթացքում գերհոգնածության հետևանքով առողջական խնդիրներ են ունենում, երբեմն բուժանձնակազմը բժիշկներին ու բուժքույրերին է օգնություն ցուցաբերում: Ֆիզիկապես հիվանդ անձնակազմը նույնպես աշխատում է. փոխարինող չունեն: Մեծահասակներ, խրոնիկ հիվանդություններ ունեցողներ, խնամքի ու հոգեկան կենտրոններում պահվող հիվանդներն են բուժում ստանում. «Միայն հիվանդի ձայնից հոգեկան շեղվածություն է առաջանում: Այս պահին էլ շրջանառվում է «դլետա» շտամը, որը վարակում է 9 մարդու, եթե նախկինում 4-5 մարդ էր վարակվում վիրուսով. հոսպիտալացման դեպքերը բավականին մեծ են: Մահացության դեպքերը գրանցվում են 30-60 տարեկանների շրջանում, երբեմն՝ առանց խրոնիկ հիվանդությունների: Երկու օրից վերակենդանացման բաժանմունքում կունենանք 35 հիվանդ»: Այս մասին գրում է Հայկական ժամանակ-ը:
Բայց հիվանդանոցում հայտնվող և արհեստական շնչառության սարքի օգնությամբ շնչել կարողացող քաղաքացիներն այդ պայմաններում էլ լուրջ չեն վերաբերվում հիվանդությանը: Որոշներն էլ, տեսնելով, որ իրենց հարակից մահճակալին պատվաստված քովիդ վարակակիրը հեշտությամբ է հաղթահարում վիրուսն ու դուրս գրվում, ցանկանում են հենց բուժման ընթացքում էլ պատվաստվել վիրուսի դեմ:
Սիսակյանն ասում է՝ բուժանձնակազմն աշխատում է՝ ինչպես ռազմական բժիշկները ռազմի դաշտում: Ոչ ոք «ռազմի դաշտ»-ը չի լքել:
«Մեր բնակչությունը վիրուսին չի հավատում՝ մինչև ինքն այդ դժոխքի միջով չի անցնում: Բացի քովիդից, այլ հիվանդություններ կան, որ չենք կարողանում հոսպիտալացնենք: Հիվանդներ ունենք, որ մեկ-մեկուկես ամիս գտնվում են ստացիոնար բուժման մեջ: Բուժումը երկար է տևում: Այլ երկրների բնակչություններն ունեն մտածելակերպ, որ առողջությունը պետք է խնայել: Մեզ մոտ սահմանափակվում են՝ «ես չեմ հավատում, ամեն ինչ սուտ է»: Ինչքան կարող է այս վիճակը շարունակվել, ինչո՞ւ չհավատացողների պատճառով տուժի առողջությունը գնահատող քաղաքացու առողջությունը»:
Տնօրենի խոսքով՝ չնայած ամեն օր շփվում են քովիդ վարակակիրների հետ, բայց անձնակազմից ոչ ոք վիրուսով չի վարակվել, քանի որ մայիսից ամբողջ բուժանձնակազմը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Շեշտում է՝ վիրուսի դեմ պայքարի միակ միջոցը պատվաստանյութն է: Ըստ նրա՝ եթե այսպես շարունակվի, ապա շուտով առողջապահական ոլորտի մասնագետներն առողջություն չեն ունենա, որպեսզի պայքարեն քաղաքացիների կյանքի համար. «Մենք արդեն իսկ կանգնել ենք այն խնդրի առաջ, որ բժիշկն առողջություն չի ունենալու՝ աշխատելու հիվանդների հետ, և պետք է խնայել բժշկական ռեսուրսները: Ե՛վ հոգեպես, և՛ ֆիզիկապես դժվար է մերժել 30 տարեկանին, երբ նա հոսպիտալացման կարիք ունի: Ինչպե՞ս մերժես: Պետք է ամեն ինչ անենք՝ պայքարելու այս հիվանդության դեմ: Ուզում եմ ստանալ քովիդի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը, և գիտեմ իմ թիմն ինձ հետ է այդ հարցում: Ինձ համար յուրաքանչյուր աշխատող թանկ է»,- հավելում է Վարդուհի Սիսակյանը:
Կարծիքներ