Թունիսում կորոնավիրուսի հետևանքով պարետային ժամ է հայտարարվել
Թունիսի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի ակտիվ տարածման դեմ պայքարելու նպատակով երկու շաբաթով պարետային ժամ է մտցրել, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Համաձայն կառավարության որոշման՝ հունվարի 13-ից 22:00-ից մինչև առավոտ 05:00-ն բնակչությանն արգելվելու է փողոց դուրս գալ: Այդ ժամերին դադարեցվելու է նաև ցանկացած գործողություն, այդ թվում և կոմերցիոն ու պետական ձեռնարկությունների աշխատանքը:
Իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին խուսափել այլ երկրներ այցելությունից և պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները:
12 մլն բնակչություն ունեցող Թունիսում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 749 հազար 832 դեպք, մահացել է 25 հազար 707 մարդ: Լիարժեք պատվաստված է ավելի քան 6 մլն բնակիչ:
Կարծիքներ