Ֆիլիպինների նախագահը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն շաբաթ օրը հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից եւ 2022 թվականին կայանալիք ընտրություններում հրաժարվել է առաջադրվել հանրապետության փոխնախագահի պաշտոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ֆիլիպինցիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ես հարմար թեկնածու չեմ, եւ օրենքը շրջանցելը կլինի սահմանադրության խախտում...,- ասել է նա: «Հնազանդվելով այն մարդկանց կամքին, ովքեր ինձ նախագահ են ընտրել տարիներ առաջ, ես ասում եմ իմ հայրենակիցներին, որ հետեւում եմ ձեր ցանկություններին»:
«Այսօր ես հայտարարում եմ քաղաքականությունից հեռանալու մասին»,- ասելէ Դուտերտեն՝ ելույթ ունենալով Պասայի Sofitel հյուրանոցում, ուր ժամանել էր սենատոր Քրիստոֆեր Լոուրենս Գոյի հետ, ով այժմ նրա փոխարեն կառաջադրվի փոխնախագահի պաշտոնում:
Օգոստոսի վերջին Դուտերտեն հայտարարել էր, որ կառաջադրվի այս պաշտոնում, ինչի համար քննադատության էր ենթարկվել: Շաբաթ օրն ավելի վաղ նա հայտարարել էր, որ որոշել է չառաջադրվել: Նախագահի հրաժարվելը չէր հրապարակվում, քանի դեռ սենատոր Գոն չէր ներկայացրել փոխնախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու վկայությունը։ Սահմանադրության համաձայն՝ Դուտերտեն այլեւս չի կարող վերընտրվել որպես պետության ղեկավար:
Ֆիլիպինցիները 2022 թվականի մայիսի 9-ի ընտրություններում կընտրեն նախագահ եւ փոխնախագահ, ինչպես նաեւ ավելի քան 300 օրենսդիր եւ տեղական ինքնակառավարման մարմինների հազարավոր պաշտոնյաների: Նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներ են առաջադրել, մասնավորապես սենատոր Պանֆիլո Լաքսոնը եւ Ֆիլիպինների Սենատի նախագահ Վիսենտե Կաստելո Սոտոն, բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն եւ սենատոր Քրիստոֆեր Լոուրենս Գոն, ինչպես նաեւ՝ Մանիլայի քաղաքապետ Ֆրանսիսկո Դոմագոսոն եւ դոկտոր Վիլի Օնգը: Թեկնածուների նախնական ցուցակը կհրապարակվի այս տարվա հոկտեմբերի վերջին։ Հավակնորդների վերջնական ցուցակը պետք է կազմվի 2022 թվականի հունվարին, երբ սկսվի ընտրական շրջանը:
Կարծիքներ