Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցները կհամագործակցեն հանրահայտ երաժիշտների հետ
Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվեց բարձր մակարդակով, այն լավ հնարավորություն էր խրախուսելու, բացահայտելու տաղանդավոր պատանի, երիտասարդ երաժիշտներին:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը նշեց, որ բավական ուժեղ մրցակցություն կար:
«Մրցույթն անցկացվեց մասնագիտական բարձր մակարդակով: Այնպիսի մթնոլորտ էր ձևավորվել, որ պարտվող գրեթե չեղավ: Բոլորը շատ բարձր տրամադրությամբ դուրս եկան դահլիճից գալա-համերգի ժամանակ: Թվում է, թե դուդուկը մեր ամենազարգացած գործիքն է, սակայն, միևնույն է, ամեն վայրկյան, ամեն րոպե պետք է խոսել նրա տարածման, ավանդական կատարման տեսակի մասին»,-ասաց Նարինե Ավետիսյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, միջազգային մրցույթների դափնեկիր, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանի խոսքով, մրցույթ-փառատոնին մասնակցում էին 80-ից ավելի երաժիշտներ Հայաստանից, աշխարհի տարբեր երկրներից:
«Մասնակիցներ ունեինք Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից: Շատ լավ մթոնոլորտում անցավ փառատոնը, երեխաները մոտիվացվեցին: Այդ աշխուժությունը, շարժը նպաստեցին, որ երեխաներն ավելի շատ զարգանան, ավելի շատ աշխատեն իրենց կատարողական հմտությունների վրա»,- ասաց Էմանուել Հովհաննիսյանը: Միջազգային մրցույթ փառատոնին ներկայացվել են հայկական ժողովրդական երաժշտության տարբեր ճյուղեր՝ հոգևոր, աշուղական, պարային, ծիսական և այլն:
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դասախոս, «Ծիրանի» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արտակ Ասատրյանի խոսքով, մրցույթ-փառատոնը կարևոր դեր է խաղում դուդուկի երաժշտության զարգացման, տարածման գործում: Այն նպաստում է նոր դեմքերի ի հայտ գալուն:
«Ես, որպես ժյուրիի անդամ, կցանկանայի նկատել, որ հայաստանաբնակ դուդուկահարները փայլում են առ այսօր: Նրանք խիստ ակտիվ մրցակցության դաշտում են, ինչն էլ նպաստում է նրանց կոփվելուն: Մրցույթի կարևոր կետերից է այն, որ այս ընթացքում երիտասարդներն ունենում են զարգացում, այն կրթական լուրջ խթան է: Հաճելի էր տեսնել դուդուկը տարբեր ժանրային ներգրավվածությաբ»,-ասաց Արտակ Ասատրյանը:
Մրցանակակիրները հնարավորություն կունենան Հայաստանի Հանրային ռադիոյում ձայնագրելու խտասալիկներիրենց կատարումներով: Երկրորդ և երրոդ տեղերը զբաղեցրած մասնակիցները նույնպես ձայնագրվելու հնարավորություն կունենան: Լավագույն մասնակիցները կհամագործակցեն հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաև վարպետության դասեր կստանան դուդուկի լավագույն մասնագետներից։
Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնը կայացել է Երևանում ապրիլի 5-ից մայիսի 5-ը:
Կարծիքներ