Բժիշկների խումբը խորհուրդ է տվել Սաակաշվիլիին հոսպիտալացնել
Վրաստանի Առողջապահության նախարարության կողմից կազմավորված բժիշկների խումբը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկելու համար խորհուրդ է տվել նրան հիվանդանոց տեղափոխել կանխարգելիչ նպատակներով: Այս մասին լրագրողներին հայտնել է բժիշկներից Զուրաբ Պագավան։
«Կանխարգելման նպատակով, քանի որ կա առողջության վատթարացման մեծ հավանականություն, և ապահովագրված լինելու համար մենք հանձնարարական ենք տվել նրան (Սաակաշվիլիին) հոսպիտալացնելու վերաբերյալ», – ասել է Պագավան:
Ինչպես նշել է բժիշկը, Սաակաշվիլիին կարող են հոսպիտալացնել առաջիկա օրերի ընթացքում: Դրա հետ մեկտեղ նա չի հստակեցրել, թե որ հիվանդանոց նրան կտեղափոխեն՝ բանտայի՞ն, թե՝ քաղաքացիական։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին, հայրենիքում նա մի քանի քրեական գործերով է անցնում։ Նախկին նախագահին հեռակա դատապարտել են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջին դեպքում Սաակաշվիլիին դատապարտել են 3 տարվա, երկրորդում ՝ 6 տարվա ազատազրկման։
Կարծիքներ