Շուրջ 53,5 մլն դրամի փողերի լվացում. երևանաբնակ ամուսիններն ապօրինի թմրամիջոց են իրացրել

Շուրջ 53,5 մլն դրամի փողերի լվացում. երևանաբնակ ամուսիններն ապօրինի թմրամիջոց են իրացրել

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ բացահայտվել է երևանաբնակ ամուսինների կողմից կատարված՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման դեպք։ Նախաքննությունն ավարտվել է:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը 2019 թ. նոյեմբերից համացանցի «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել է «Shoko.178», «Shoko 178» և գրեթե նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներ։ Դրանց միջոցով վաճառվող թմրամիջոցների համար, որպես գումարի ստացման վճարային գործիք, նա տեղադրել է այլ անձանց անուններով գրանցված, սակայն իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ տեղեկատվություն և 2019-2021 թթ. ընթացքում նշված խանութ-հարթակների միջոցով տարբեր անձանց ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց:

Մասնավորապես, 26-ամյա երիտասարդի կողմից կառավարվող տելեգրամյան վերոնշյալ խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու շուրջ նամակագրություններ վարած անձանց հետ համաձայնության գալուց հետո երիտասարդի հաշվին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրի լուսանկարները գնորդների կողմից փոխանցելուց հետո, նրանց է ուղարկվել Երևան քաղաքում գտնվող թաքստոցներում նախապես տեղադրված՝ ըստ քաշերի առանձնացված և փաթեթավորված թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով: Նշված եղանակով երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 162 գրամ «MDMB-2201 (5F-MDMB-PICA)» տեսակի թմրամիջոց է ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ թմրամիջոցների իրացումից ստացված ընդհանուր 53.479.443 ՀՀ դրամի հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով 26-ամյա երիտասարդը, իր 24-ամյա կնոջ օժանդակությամբ, նշված գումարները փոխանցել է տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն իր և կնոջ կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին։ Ապա նույն եղանակով դրանք փոխանցվել են ամուսինների էլեկտրոնային դրամապանակներին, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել նրանց կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի համակցությամբ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս կնոջը մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:

Ամուսինների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում