ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց. վարչապետ

ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց. վարչապետ

Ապագայի որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելիս:

«Եվ առանցքային հարցը հետևյալն է. փոթորկալից այս ժամանակներում կա՞ արդյոք ՀՀ-ում լավատեսության անհրաժեշտ պաշար՝ ապագայի մասին ոչ միայն խոսելու, ոչ միայն նախագծելու, այլ նաև այդ ապագան կառուցելու և իրագործելու համար:

Իմ պատասխանը միանշանակ է ու աներկբա. ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ ՀՀ-ում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու և այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն, այո, կա, և ես վստահ եմ դրանում»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նկատեց, որ լրահոսը, հանրային քննարկումները, միջազգային իրադրությունը նման վստահություն չեն տալիս: Բայց նա ասաց, որ հենց այսօր, հենց այս պահին ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց.

«Սա ՀՀ-ի բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է, բազմաբնակարան շենքերում՝ բնակելի ֆոնդի 12,2 տոկոսը»:

Վարչապետը շեշտեց, որ երրորդ Հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբևէ այսպիսի ծավալներ չի ունեցել:

«Եվ այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն ավանդաբար հարուստները, այլև միջին խավը, որը Կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու և իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել»,- ընդգծեց վարչապետը:

Խոսելով ծավալների մասին՝ վարչապետը նկատեց, որ սահմանային անկայունության, ՀՀ անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում:

«Ի՞նչ է նշանակում քաղաքացիների այս վարքագիծը: Իմ գնահատմամբ՝ դա նշանակում է և կարող է նշանակել միայն մեկ բան՝ մարդիկ հավատացել են Կառավարության խաղաղության օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է, և իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու ու արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավել ևս՝ բնակարան կառուցել»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում