Որպես խաղաղապահ առաքելություն Մեծ Բրիտանիան կարող է պարեկություն կատարել Ուկրաինայի երկնքում

Բրիտանական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ «լիովին պատրաստ է» մասնակցելու Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը, եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշի դա անել: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով կոնկրետ ստորաբաժանումների հրամանատարների հայտարարությունները եւ երկրի զինված ուժերում իր աղբյուրները։
Ներկայում Ռումինիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունների, որոնք ընթանում են Ուկրաինայի հետ սահմանից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա, արագ արձագանքման ուժերի կազմում ներառված շուրջ 2500 բրիտանացի զինծառայողներ կան։ Այս Բրիգադի հրամանատար Էնդի Ուոթսոնը BBC-ին ասել է, որ իր ենթակայության տակ գտնվող զորքերը «լիովին պատրաստ են» Ուկրաինայում տեղակայվելուն: Միաժամանակ նա ընդգծել է, որ խոսքը այլ երկրների հետ համատեղ խաղաղապահ գործողությանը մասնակցելու մասին է։
BBC-ն նշում է, որ ռազմական փորձագետների կարծիքով արդյունավետ խաղաղապահ կոնտինգենտը պետք է ներառի ամենաքիչը 100 հազար զինվորականի։ Ընդ որում՝ բրիտանական բանակի ամբողջ թիվը 70 հազարից միայն մի փոքր ավելի է։ Սա ամենացածր ցուցանիշն է ավելի քան 200 տարվա ընթացքում։
Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին՝ որպես անվտանգության երաշխիք հրադադարի կամ խաղաղության հաստատումից հետո, այս շաբաթվա սկզբին հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Շատ եվրոպացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, այնուամենայնիվ շտապեցին ասել, որ խաղաղապահներ ուղարկելն այս պահին օրակարգում չէ, քանի որ Ռուսաստանի հետ դեռեւս չկան խաղաղության պայմանագրեր։
The Times թերթի փոխանցմամբ՝ անգամ հենց Մեծ Բրիտանիայում դեռ որոշում չի կայացվել, թե ինչպիսին պետք է լինի հնարավոր խաղաղապահ առաքելությանը երկրի մասնակցությունը։ Ցամաքային զորքեր ուղարկելու փոխարեն Բրիտանիան կարող է ստանձնել Ուկրաինայի օդային տարածքում Typhoons կործանիչների միջոցով պարեկություն իրականացնելու գործը, ինչպես ներկայում իրականացնում է Բալթյան երկրների օդային տարածքում։
Թե ինչպիսին կարող է լինել հնարավոր խաղաղապահ առաքելությունը, մնում է անհասկանալի: Թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ թե՛ արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հաստատել են, որ Փարիզը ներկայում չի դիտարկում իր զորքերը Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։
Ուկրաինան պնդում է, որ դաշնակիցները անվտանգության երաշխիքներ տրամադրեն Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի դեպքում։ Կիեւից բազմիցս են հայտարարել, որ անվտանգության լավագույն երաշխիքը երկրի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին, իսկ դրա անհնարինության դեպքում այդպիսի երաշխիք կարող է լինել խաղաղապահ ուժերի տեղակայումը կամ բանակի վերապատրաստումը։
Կարծիքներ