Ղարաբաղի հարցով դիրքորոշումը կամրապնդի Ռուսաստանի դիրքերը միջազգային խաղացողների հետ երկխոսություն վարելիս. փորձագետներ

Ղարաբաղի հարցով դիրքորոշումը կամրապնդի Ռուսաստանի դիրքերը միջազգային խաղացողների հետ երկխոսություն վարելիս. փորձագետներ

Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը կօգնեն Ռուսաստանին միջազգային խաղացողների հետ երկխոսություն վարել առավել ուժեղ դիրքից: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման եզրահանգման են եկել «Վալդայ» քննարկումների ակումբի՝ «Ստատուս-քվոյի կոտրում և Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի միջազգային ճանաչափում» խորագրով զեկույցի հեղինակները:

Ուսումնասիրությանը մասնակցել են ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, Международная аналитика ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, Թեհրանի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի անդամ, Կենտրոնական Ասիայի և Կովկասի, տարածաշրջանային ուսումնասիրությունների ոլորտում գիտությունների թեկնածու, Իրանի Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Վալի Քալեջին և միջազգային ու ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտի փորձագետ Քերիմ Հասը:

«Մոսկվան արդեն իրեն ներկայացել է որպես արդյունավետ միջնորդ և խաղաղապահ: Առաջնորդությունն այս ասպարեզում կարող է ամրապնդել Ռուսաստանի դիրքերը Կովկասում և Եվրասիայում: Այն նախապայմաններ կստեղծի միջազգային խաղացողների հետ առավել ուժեղ դիրքերից երկխոսություն վարելու համար: Դրական սցենարի շարունակությունը  հնարավորություններ կբացի այն մոդելի արդիականացման համար, որում որոշիչ գործոն կհանդիսանա պրագմատիզմը և ոչ թե դաշինքային համերաշխությունն ու կոալիցիաները»,- ասվում է հետազոտության մեջ:

Ինչպես փորձագետները շեշտում են, Հարավային Կովկասում հակամարտությունն արդիականացրել է հակասությունները ՆԱՏՕ-ի ներսում այն հարցերի շուրջ, որոնք անմիջական առնչություն չունեն վիճահարույց տարածաշրջանի կարգավիճակի հետ:  

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության լուծումը որոշակի հնարավորություններ է տալիս այսպես, թե այնպես դրանում ներգրավված բոլոր հիմնական խաղացողներին մանևրելու համար: 

Գիտնականները ենթադրում են, որ հնարավոր սցենարներից մեկը կարող էր դառնալ «մեծ եվրասիական գործարքը», որը նման կլիներ մոտ հարյուր տարի առաջ Վլադիմիր Լենինի և Քեմալ Աթաթուրքի միջև կնքվածին: Սակայն «ազդեցության ոլորտների բաժանման» նման սցենարը Եվրասիայում Մոսկվայի և Անկարայի միջև իրատեսական չի թվում, քանի որ Լենինն ու Աթաթուրքը «ոչ համակարգային խաղացողներ էին, նոր իրականության ստեղծողներ, մինչդեռ ժամանակակից Ռուսաստանն ու Թուրքիան չափազանց շատ թելերով կապված են միջազգային հիմնական գործընթացներին»:

Փորձագետները կասկածի տակ են դնում նաև Ռուսաստանի և Արևմուտքի մերձեցման սցենարը՝ Թուրքիայի գործողությունների անընդունելիության հողի վրա: «Վերջին հինգ տարիներին Սիրիայում տեղի ունեցող դեպքերը, ինչպես նաև Լիբիայի և Իրաքի շուրջ ծավալվող գործողությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատրաստ չեն Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավմանը՝ անգամ ահաբեկչությանը դիմագրավելու խնդիրների հարցում»,- ընդգծում են մասնագետները:

Վերլուծաբանների կարծիքով, սակայն, Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայի և արևմտյան մայրաքաղաքների միջև հնարավոր է «ընտրովի փոխգործակցություն»: «Եվ սխալ կլիներ դրանից խուսափել: Նման համագործակցությունը կօգներ ապագայում նոր օրակարգ ձևավորելուն և սառը պատերազմի տարիների կարծրատիպերից ազատվելուն»,- եզրափակում են զեկույցի հեղինակները:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում