Հելսինկին մտադիր է արգելել ՌԴ քաղաքացիներին անշարժ գույք գնել Ֆինլանդիայում
Ֆինլանդիայի կառավարությունն առաջարկում է արգելել Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասին սեփականություն գնել երկրում՝ ազգային անվտանգությունը պաշտպանելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հականենը։
«Կանոնակարգերն ուղղված են կանխելու հնարավոր թշնամական ազդեցությունները Ֆինլանդիայի դեմ»,- ասել է Հականենը մամուլի ասուլիսում։
Ֆինլանդիայի և հարևան Ռուսաստանի միջև հարաբերությունները սրվել են 2022 թվականին Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողություններից հետո, ինչը ստիպեց Հելսինկիին միանալ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին:
Անշարժ գույքի գնման առաջարկվող արգելքը չի վերաբերի երկքաղաքացիություն ունեցող անձանց և այն ռուսաստանցիներին, որոնք մշտական բնակության իրավունք ունեն Ֆինլանդիայում կամ Եվրամիության այլ երկրներում։ Արգելքի շուրջ դեռ պետք է փորձագիտական խորհրդակցություններ տեղի ունենան՝ նախքան խորհրդարանի կողմից քվեարկությունը:Նախարարը հայտնել է, որ Ֆինլանդիան արդեն մշտադիտարկում է մոտ 3500 սեփականություն, որոնք կապված են ռուսաստանցի սեփականատերերի հետ։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել:
Հելսինկին որոշ ժամանակ է՝ փորձում է սահմանափակել ՌԴ քաղաքացիների կողմից գույքի ձեռքբերումը ռազմավարական վայրերի մոտ՝ հիմնվելով առկա կանոնակարգերի վրա։ Ըստ Reuters-ի՝ երեք նման գնում արգելափակվել է 2023 թ. հոկտեմբերին, ևս երեքը՝ 2024 թ. հունվարին։
Կարծիքներ