Գիտության հանդեպ անտարբերությունը Հայաստանը դեպի կործանում է տանում. մասնագետ

Գիտության հանդեպ անտարբերությունը Հայաստանը դեպի կործանում է տանում. մասնագետ

Գիտության հանդեպ անտարբերությունը Հայաստանը դեպի կործանում է տանում: Այս մասին «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց «EarlyOne եւ Limetech» ընկերության համահիմնադիր, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ Գեւորգ Սաֆարյանը:

Դրանից խուսափելու համար նա «Գիտուժ» նախաձեռնության անունից պահանջեց առնվազն 50 տոկոսով ավելացնել գիտության ֆինանսավորումն, ինչպես նաեւ 2024 թվականից սկսած դրա ֆինանսավորման մասնաբաժինը պետական ​​բյուջեից հասցնել 4 տոկոսի:

Նա հավելեց, որ դա կարելի է անել աստիճանաբար, այսինքն` 2022 թվականից ֆինանսավորման մասնաբաժինը հասցնել 2 տոկոսի, իսկ 2023 թվականից` 3 տոկոսի: «Մենք պահանջում ենք, որպեսզի այդ թվերն ամրագրվեն օրենքում: Անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել ներուժի պահպանման եւ գիտության զարգացման ուղղությամբ: Գումարը պետք է ուղղվի ոլորտում աշխատող մարդկանց աշխատավարձերի եւ կրթաթոշակների բարձրացմանը, ինչպես նաեւ` գործարար միջավայրի բարելավմանը: Բացի այդ, շատ կարեւոր է լուծել գիտության ոլորտում աշխատող սփյուռքահայերի հայրենադարձության հարցը»,- շեշտեց Սաֆարյանը: Նա նշեց, որ այս նախաձեռնությանը բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ են միացել:

Իր հերթին, «Մանթաշեւ» ձեռներեցների միության նախագահ Վահրամ Միրաքյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ աճի կարիք ունի, ինչը անհնար է առանց գիտելիք պարունակող բիզնեսի, որը բարձրակարգ կադրերի կարիք ունի: Նրա ծոսքով` գիտության ֆինանսավորումը ոչ թե ծախս է, այլ` երկարաժամկետ ներդրում, որը կվերադառնա բիզնեսից եւ նոր աշխատատեղերի ստեղծումից ձեւավորվող հարկերի տեսքով:

Հայաստանում Առեւտրի ամերիկյան պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը հավելեց, որ միանում նախաձեռնությանը: «Մեր կազմակերպությունը 130 ընկերություն է ներառում, որոնք բյուջե են վճարում հարկերի մոտ 5 տոկոսը: Մենք հասկանում ենք, որ առանց կիրառական գիտության մեջ առաջընթացի զարգացումն ընդհանուր առմամբ անհնար է, եթե, իհարկե, մենք չենք ցանկանում մնալ հետամնաց երկրների ցուցակում: Դա ոչ միայն ֆինանսավորման, այլեւ բիզնեսի եւ գիտության միջեւ ամուր կապեր հաստատելու խնդիր է` հաշվի առնելով, որ զարգացած երկրներում մասնավոր հատվածի մասնակցությունը գիտության զարգացմանը 70 տոկոս է կազմում»,- ասաց նա:

«Փոքր եւ միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի» նախագահ Ռուբեն Օսիպյանը վիճակագրություն ներկայացրեց, որի համաձայն որի հայկական բիզնեսի միայն 6 տոկոսն է մասնագիտանում արտահանման ոլորտում:

«Միջազգային շուկայում մեր բիզնեսի մեծ մասն անմրցունակ է: Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է համակարգային մակարդակով զարգացնել գիտությունը»,- հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում