Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, ծանոթացել է կով կթելու տեխնիկային

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, ներկա է եղել «Սևան ստարտափ սամիթ 2025»-ին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Դըկոտինյին։
«Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,- գրել է Դըկոտինյին։
Մեկ այլ գրառմամբ Ֆրանսիայի դեսպանը հայտնել է, որ այցելել է Խաչաղբյուր համայնք։
«Հայ միգրանտների հետ Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղում, ովքեր կամավոր վերադարձի օգնություն են ստանում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակից։ Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ նրանք վերադարձել են Հայաստան և գյուղում սկսել զբաղվել տնտեսական գործունեությամբ»,- նշել է Օլիվիե Դըկոտինյին:
Մեկ այլ գրառմամբ Դըկոտինյին նշել է, որ Խաչաղբյուր գյուղում ծանոթացել է կով կթելու տեխնիկային:
«Ծանոթացա կով կթելու տեխնիկային տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ՝ սատարելու նրա հայրենիք վերադարձը։
Կարծիքներ