ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն

 

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն․ քննարկվել են քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր:

Այսօր՝ հուլիսի 29-ին, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ՆԳՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու վարչական շրջանների ղեկավարները։

Հանդիպման օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն էին։

Ողջունելով ներկաներին՝ ՓԾ տնօրենը կարևորեց նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը, անդրադարձ կատարելով Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության դերին և նշանակությանը, ոլորտային խնդիրներին։ Իր խոսքում Տնօրենը նշեց, քանի որ քաղաքացիական պաշտպանությունը հանդիսանում է պետական պաշտպանության և ազգային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս, ուստի վերոնշյալ բնագավառում ոչ միայն պետական, այլև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքները՝ հատկապես քաղաքացիական պաշտպանության ոլորտի խնդիրների արդյունավետ լուծման գործում հույժ կարևոր են։

Կամո Ցուցուլյանը հավելեց, որ հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի և Փրկարար ծառայության որոշ գործառույթների ընդհանրությունները, անհրաժեշտ է Երևան քաղաքում առավել արդյունավետ կազմակերպել մարդկանց կյանքի և առողջության, պետական և մասնավոր սեփականության նյութական և մշակութային արժեքների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը՝ ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում։

Կ․Ցուցուլյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքը կլինի բեղմնավոր և կտա իր ցանկալի արդյունքները՝ խթանելով արտակարգ իրավիճակներում պատշաճ և կազմակերպված գործելու կարողությունները։

ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պողոսյանը ներկայացրեց օրակարգային հարցերը՝ մատնանշելով ոլորտում առկա խնդիրները և առաջիկա անելիքները։ Անդձրադարձ կատարվեց Երևան քաղաքում բնակչության պատսպարման ընդհանուր վիճակի, բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերի բարեկարգման, պաշտպանական կառույցների վերազինման, բնակչության ազդարարման և իրազեկման աշխատանքների կազմակերպման, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների իրականացման և օրակարգային այլ հարցերին։

Քննարկումների ընթացքում առաջարկություններով հանդես եկան Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, վարչական շրջանների ղեկավարները։

ՆԳՆ ՓԾ տնօրենը ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց առաջիկայում ակտիվացնել աշխատանքները, մասնավորապես՝ այցելություններ իրականացնել վարչական շրջաններ, կազմել աշխատանքային խմբեր և տեղում առարկայական լուծումներ գտնել առկա խնդիրներին՝ աշխատանքային խմբերում ընդգրկելով նաև համատիրությունների և այլ շահագրգիռ մարմինների պատասխանատուներին։

Հանդիպման ավարտին Կ․Ցուցուլյանն իր պատրաստակամությունը հայտնեց, նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան, շարունակել սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մակարդակում՝ համատեղ իրականացնելով բոլոր անհրաժեշտ և կանխարգելիչ գործողությունները՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, պատշաճ հսկողության իրականացման, բնակչության պատրաստվածության բարձրացման և հանրային իրազեկման առումով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում