Ասանժի ընկերուհին հայտնել է, որ նրան բանտում ամեն օր ռենտգենով ճառագայթահարում են
Բրիտանական բանտի աշխատակիցներն ամեն օր WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին ռենտգեն հետազոտության են ենթարկում։ Այս մասին Twitter-ում հայտնել է նրա ընկերուհի Ստելլա Մորիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նրան [Ասանժին] ամեն օր արթնացնում են առավոտյան 5-ին, ձեռնաշղթաներ հագցնում, տանում խուց, հագուստը հանում եւ ռենտգեն անում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նրա խոսքով՝ Ասանժին այնուհետեւ 1,5 ժամ դատարան են տանում, որտեղ նա փաստաբանների հետ շփվելու նորմալ հնարավորություն չունի, քանի որ տեղավորված է ապակե տուփի մեջ։
Օգոստոսի վերջին Մորիսը հայտարարել էր, որ իր զուգընկերը սարսափելի նիհարել է եւ տանջվում է տարբեր ցավերի պատճառով։ Նա ասել է, որ Ասանժին քիչ տառապանք չի պատճառում, այսպես կոչված, սառեցված ուսի համախտանիշը, դրանից բացի՝ վերջերս նրա կոճի հոդախախտ էր եղել։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ավստրալացուն 18 քրեական մեղադրանք է առաջադրել։ Նրան, մասնավորապես, մեղադրում են ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր գաղտնի տեղեկությունների բացահայտման հետ կապված հանցագործությունների մեջ։ Առաջադրված բոլոր մեղադրանքներով Ասանժին ընդհանուր սպառնում է մինչեւ 175 տարվա բանտարկություն։
Սեպտեմբերի 7-ին Լոնդոնում սկսվել է WikiLeaks-ի հիմնադրին ԱՄՆ արտահանձնելու գործով դատավարությունը։ Դատավոր Վանեսա Բարայթսերի առջեւ, որի նախագահությամբ է դատավարությունն ընթանում, դրված չէ Ասանժին առաջադրված մեղադրանքներով վճռի կայացում, սակայն նա պետք է որոշի՝ Վաշինգտոնի հարցումն արդյոք համապատասխանո՞ւմ է 2007 թվականից գործող արտահանձնման մասին բրիտանա-ամերիկյան համաձայնագրին։ Եթե ԱՄՆ իշխանությունների հարցումը բավարարվի, ապա Ասանժին հանձնելու թույլտվությունը պետք է տա Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Պրիտի Պատելը։ Բայց նաեւ այս դեպքում ավստրալացու փաստաբանները հնարավորություն ունեն որոշումը վիճարկել Լոնդոնի Բարձրագույն դատարանում, այնուհետեւ նաեւ Գերագույն դատարանում կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Դատարանի որոշման վերաքննիչ բողոք կարող է ներկայացնել նաեւ մեղադրանքի կողմը, եթե արտահանձնումը մերժվի։
Կարծիքներ