Միասնական առաջին քննությունը հունիսի 9-ի փոխարեն կանցկացվի հունիսի 8-ին. ԳԹԿ

Միասնական առաջին քննությունը հունիսի 9-ի փոխարեն կանցկացվի հունիսի 8-ին. ԳԹԿ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ միասնական քննությունների անցկացման ժամանակացույցի հետ կապված մի փոքր փոփոխություն է տեղի ունեցել. առաջին քննությունը նախատեսվում է կազմակերպել հունիսի 8-ին՝ նախկինում հունիսի 9-ի փոխարեն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի 12-րդ դասարանցիները դպրոցն ավարտում են հունիսի 4-ին, ուստի միասնական քննության ժամանակացույցի հետ կապված մի փոքր փոփոխություն է տեղի ունեցել. առաջին քննությունը նախատեսվում է կազմակերպել հունիսի 8-ին: Կախված հայտագրումից՝ դեռ ավարտի հստակ ժամկետ չկա. գուցե ավարտվենք հունիսի 25-ին»,- ասաց պարոն Նասիբյանը: Մինչ այս հայտարարվել էր, որ միասնական քննությունները կեզրափակվեն հունիսի 23-ին: 

Նա նշեց նաեւ, որ նախորդ տարվա փորձը հաշվի առնելով՝ այս տարի եւս միասնական քննությունների հայտագրումը տեղի է ունենալու էլեկտրոնային եղանակով: Նախկինում ամեն տարի փետրվարի 1-ից սկսվում էր միասնական քննությունների թղթային հայտագրման գործընթացը, որի ավարտից հետո՝ մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, դիմորդները գնում էին բուհեր՝ գործերը բուհերում հանձնելու եւ մասնագիտությունը նշելու համար: Անցած եւ այս տարի նույնպես այս երկու գործընթացը միացվել է մեկի մեջ, որն էլ արվելու է էլեկտրոնային եղանակով:

Հայտագրման գործընթացը սկսվելու է ապրիլի 15-ից եւ ավարտվելու է մայիսի 10-ին: Ապրիլի 1-ից սկսվելու է հայտարարությունները տարածելու գործընթացը. թերթերով, հեռուստատեսությամբ դիմորդները տեղեկացնելու են քննությունների ժամանակացույցի, անցկացման կարգի, տեւողության մասին:

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ունենալու ենք հայտագրման առաջին եւ երկրորդ փուլ: Հայտագրման առաջին փուլը սկսվում է ապրիլի 15-ից եւ ավարտվելու է մայիսի 10-ին: Հայտագրման այս փուլին կարող են մասնակցել այս տարվա 12-րդ դասարանցիները, նախորդ տարիների շրջանավարտները, նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները: Այս տարվա շրջանավարտները գործերը հանձնելու են իրենց դպրոցում, իսկ նախորդ տարիների շրջանավարտները եւ նախնական ու միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրում առանձնացված դպրոցում: Մենք այդ դպրոցներն ունեինք միշտ, բայց այդտեղ իրենց գործերը հանձնում էին միայն նախորդ տարիների շրջանավարտները, նրանց գումարվել են նաեւ նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները: Դիմորդները գնալու են դպրոց, որտեղից ստանալու են ԳԹԿ անձնական համարը: Կցանկանան՝ դպրոցն իրենց կօգնի հայտագրման գործընթացում, չեն ցանկանա՝ այդ անձնական համարով կարող են հայտագրվել տանը կամ որտեղ ցանկանան:

Գրվելու է մեկ հայտ, այդ հայտի մեջ մտնելու է ե՛ւ անվճարը, ե՛ւ վճարովին: Առաջին փուլը մրցույթի ավարտից հետո ԳԹԿ-ն հրապարակելու է արդյունքները: Այն դիմորդները, որոնք մրցույթից դուրս էին մնացել, կարող են մասնակցել մրցույթի լրացուցիչ փուլին:

Եթե դիմորդների միավորները դրական են, կարող են այդ դրական միավորներով մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին: Լրացուցիչ փուլի մրցույթին կարող են դիմել այն տեղերի համար, որոնք թափուր են մնացել: Կարող են լրացնել 6 տարբեր մասնագիտություններ եւ տարբեր բուհեր: Այստեղ նորից չկա վճարովի եւ անվճար, եթե տվյալ մասնագիտությունից մնացել են անվճար տեղեր, նախկինում չկար այս հնարավորությունը, իրենք կարող են ընդունվել անվճար համակարգ: Պարզապես նշում են մասնագիտությունը, եթե անվճար տեղեր կան, եւ իրենց միավորները բավարարում են, կարող են ընդունվել նաեւ անվճար»,- հիշեցրեց Կարո Նասիբյանը:

Կարո Նասիբյանը նշեց նաեւ էլեկտրոնային հայտագրման առավելությունը. մինչեւ մայիսի 10-ը դիմորդները ցանկացած անգամ կարող են մտնել եւ փոխել իրենց հայտերը, սահմանափակում չկա: Հաջորդը հայտագրելու են մեկ բուհի մեկ մասնագիտություն եւ տվյալ մասնագիտության համար սահմանված առարկաները: Սա մրցութային առաջին փուլի համար:

«Ասեմ, որ մի մեծ փոփոխություն էլ ունենք այս տարի. եթե նախորդ տարի մեկ քննություն էինք կազմակերպել միասնական քննությունների ժամանակ, հիմա կլինի առավելագույնը երկու քննություն: Պակասել են միայն երեք միասնական քննություններ հանձնողները, մնացածը մնացել են նույնը: Եթե նախկինում, օրինակ, տնտեսագիտական մասնագիտության համար սահմանված էր երեք քննություն, հիմա առավելագույնը հանձնելու են երկու քննություն, մեկը՝ պարտադիր, դա մաթեմատիկան է, մյուսը՝ կա՛մ հայոց լեզու եւ գրականություն, կա՛մ օտար լեզու, ընտրելու է ինքը՝ դիմորդը»,- նշեց ԳԹԿ փոխտնօրենը:

Նյութը՜ հայկական ժամանակի

Հետևեք մեզ նաև Տելեգրամում