Փորձագետների խումբը կարծում է, որ աշխարհը պետք է աջակցի ԱՀԿ-ին եւ համաձայնության գա համավարակի մասին համաձայնագրի շուրջ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է ուժեղացվի նոր համաձայնագրի միջոցով՝ ֆինանսավորման ավելացման եւ համավարակները հետաքննելու ավելի մեծ կարողությունների հաշվին, առողջապահության նախարարների՝ հաջորդ շաբաթ կայանալիք համաժողովից առաջ հայտարարել է փորձագետների անկախ խումբը, հաղորդել է Reuters-ը:
«COVID-19» համավարակի վերացմանն ուղղված ջանքերը եղել են անհավասար եւ որ հավաքական, բնութագրվել են ցածր եկամուտ ունեցող երկրներում պատվաստանյութերի սահմանափակ հասանելիությամբ, ասում են ավագ փորձագետները:
Խմբի համանախագահները՝ Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարկը եւ Լիբերիայի նախկին նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը, հրատապ բարեփոխումների կոչ են արել։ Բարեփոխումները պետք է ներառեն տարեկան առնվազն 10 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորում՝ համավարակի դեմ պայքարին պատրաստ լինելու եւ համավարակի մասին գլոբալ համաձայնագրի բանակցությունների համար։
Մայիսին խումբը գնահատել է, թե ինչպես են ԱՀԿ-ն եւ անդամ երկրները հաղթահարել համավարակը եւ հայտարարել է, որ պետք է ստեղծվի պատասխան միջոցառումների նոր գլոբալ համակարգ՝ երաշխավորելու, որ ոչ մի վարակ չի կարող նման եվս մեկ համավարակի պատճառ դառնալ: «Առաջընթաց կա, սակայն այն բավականաչափ արագ կամ միասնական չէ, որպեսզի մոտ ապագայում վերջ դնի համավարակին ամբողջ աշխարհում կամ կանխի նոր համավարակը», - ասվում է խմբի զեկույցում:
ԱՀԿ անդամ 194 երկրների առողջապահության նախարարները նոյեմբերի 29-ին եռօրյա հատուկ վեհաժողով են բացելու՝ քննարկելու ապագա համավարակների կանխմանն ուղղված համաձայնագրի կնքումը։ Սա 2003 թվականի ծխախոտի դեմ պայքարի մասին համաձայնագրից հետո հանրային առողջապահության ոլորտում երկրորդ համաձայնագիրն է լինելու:
Կարծիքներ