Ռուսաստանում հայկական մշակույթի օրերին կմասնակցեն Հայաստանի լավագույն կոլեկտիվները

Ռուսաստանում հայկական մշակույթի օրերին կմասնակցեն Հայաստանի լավագույն կոլեկտիվները

Հայաստանում ստեղծագործող լավագույն թատերական, երաժշտական և այլ կոլեկտիվները նոր դիմագծով հանդես կգան 2022-ին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումներին:

Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Մենք ցանկանում ենք հանդես գալ բոլորովին նոր դիմագծով, նոր ձևաչափով, ուզում ենք այդ միջոցառումներում ընդգրկել մեր լավագույն մշակութային արդյունքները, թատերախմբերին, համերգային կազմակերպություններին: Ցանկանում ենք, որ այն հարթակները, որտեղ հանդես ենք գալու, լինեն իսկապես առաջատար և պակաս կարևոր չէ, որ մեր ներկայացրած արդյունքը Ռուսաստանում լինի ոչ միայն հայ համայնքի համար, այլև ռուս հանդիսատեսի, որովհետև մենք միջազգային հարթակներում ճանաչելիություն խնդիր ունենք»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝ միջոցառումների նախնական  ցանկն արդեն կա, սակայն մանրամասներին հետագայում կանդրադառնան:

Արա Խզմալյանը կարևորեց նաև Հայաստանի մասնակցությունը Վենետիկի միջազգային բիենալեին՝ նշելով, որ արդեն քննարկում են մասնակցության երեք հայտ:

«2022-ին բազմաթիվ երկրների հետ նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման  30-ամյակը, որի շրջանակներում ևս  միջոցառումներ են նախատեսվում, որոնց մասին դեռ կխոսենք»,-նշեց Խզմալյանը:

Նա ընդգծեց՝ միջազգային համագործակցություն են նախատեսում նաև կինոյի և այլ բնագավառներում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում