Հեղափոխության արդյունքում ձևավորված իրական ժողովրդավարական արժեքային համակարգն արմատավորվում է նաև Արցախում
Արայիկ Հարությունյանի հավակնոտ մտահղացումները և աշխատանքի նկատմամբ պատասխանատու մոտեցումը Արցախի զարգացման ու անվտանգության թռիչքաձև ամրապնդման հույս է արթնացնում: Ճանապարհաշինության, կրթության, սոցիալական և այլ հեղափոխական ծրագրերը կյանքի կոչման դեպքում միջնաժամկետ հեռանկարում կբերեն տարածաշրջանում ժողովրդավարության աննախադեպ որակով աչքի ընկնող, կայացած պետության ձևավորման: Այս իրողությունն, իր հերթին, Ադրբեջանի ենթակայության տակ Արցախը պատկերացնելու անհեթեթության ևս մեկ վկայություն կլինի:
Սակայն հարկ է մատնանշել նաև տեղի ունեցող իրադարձությունների մեկ այլ՝ կարևոր դրսևորում: Արցախի նախագահի ծրագրային ելույթը և անմիջական շփումը ժողովրդի հետ նոր մշակույթի ներմուծում և ավանդույթի հիմնադրում է Արցախում: Քաղաքական առաջնորդի կողմից ամեն մի անհատի դերակատարման գնահատումը առաջին հերթին սոցիալ-հոգեբանական մակարդակում քաղաքացու կերտման ու սեփական պետության նկատմամբ պատասխանատվության բարձր մակարդակի ձևավորման գրավականն է:
Վերջին երկու տարիներին տարբեր հրապարակումներում շատ է խոսվել այն մասին, որ թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում ձևավորված արժեքային նոր համակարգն ու զարգացման ուղենիշները չեն կարող արձագանք չունենալ և չհեռարձակվել Արցախ: Սա պարզ ճշմարտություն է՝ նաև հաշվի առնելով ՀՀ վարչապետի “Արցախը Հայաստան է” աշխարհաքաղաքական հայեցակարգը: Եվ այսօր Արցախի նախագահի կողմից նման պատասխանատու մոտեցումը սեփական ինստիտուտի հաշվետվողականության գործառույթին այդ արժեքների հաստատման պարզ վկայությունն է:
Իրավական-ժողովրդավարական պետության կերտումն ու շարունակական արդիականացումը այլընտրանք չունի Հայաստանի և Արցախի համար: Սա ունի ոչ միայն ներքին, այլև տարածաշրջանային նշանակություն: Գտնվելով Մերձավոր Արևելք-Ռուսաստան-Եվրոպա քաղաքակրթական խաչմերուկում՝ մեր երկու պետությունների սինխրոն ժողովրդավարական կերպափոխումը մի կողմից կարող է ինտեգրվել, իսկ մյուս կողմից՝ շղթայական գործընթացներ կարող է հարուցել այս քաղաքակրթություններից յուրաքանչյուրում: Ըստ ամենայնի՝ սա արդեն հասկանում են ոչ միայն Երևանում, այլև Ստեփանակերտում:
Հեղինակ`Ռոբերտ Ղևոնդյան
Կարծիքներ