Աղի բլիթ, տոնական սեղան, աղոթք. Եզդիները տոնում են Խըդըր Նավիի տոնը

Աղի բլիթ, տոնական սեղան, աղոթք. Եզդիները տոնում են Խըդըր Նավիի տոնը

Սեր, համերաշխություն, միասնություն. Եզդիները տոնում են Խըդըր Նավիի տոնը: Բուն տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ին հաջորդող ուրբաթ օրը, սակայն եզդիները սկսում են պատրաստվել արդեն երկուշաբթի օրվանից:  Եզդիների ազգային միության նախագահ Խըդըր Հաջոյանը նշեց, որ երկուշաբթի օրվանից երեք օրերի ընթացքում եզդիները ծոմ են պահում ի պատիվ Խըդըր Նավիի: Ծոմն ուղեկցվում է աղոթքով:

«Տոնին նախորդող օրը՝ հինգշաբթի, եզդիները պատրաստում են աղի բլիթ: Մեզ մոտ, ավանդույթի համաձայն աղի բլիթը պատրաստում են չամուսնացած աղջիկները: Չամուսնացած երիտասարդները մի մասը համտեսում են, մյուս մասը դնում են իրենց բարձի տակ, այն հույսով, որ երազում կտեսնեն ապագա կողակցին: Բուն տոնին արդեն եզդիները տոնական սեղան են պատրաստում, միմյանց տներ այցելում ու շնորհավորում»,-ասաց Խըդըր Հաջոյանն՝ ավելացնելով, որ երեխաները ևս այցելում են տներ՝ ակնկալիքով, որ կստանան քաղցրավենիք:

Բուն տոնը եզդիները համարում են տարեվերջյան տոն՝ ավետելով գարնան, նոր տարվա սկիզբը: Եզդի ժողովուրդը Սուրբ Խըդըր Նավիի անվան հետ է կապում մի շարք իղձերի, ցանկությունների, նպատակերի իրականացումը: Եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ բուն տոնին առաջինն այցելում են այն ընտանիքներին, որոնք այդ տարի կորուստ են ունեցել:

«Խըդըր Նավին ընդունվում է որպես երիտասարդների իղձերի կատարող: Երիտասարդները մեծ շուքով են պատրաստվում տոնին՝ աղոթելով, ծոմ պահելով, ավանդույթները պահպանելով: Ծոմը պահելու գլխավոր խորհուրդը մաքրությունն է, նվիրվածությունը կրոնին, իր հավատքին ու իր ազգին»,-ասաց շեյխ Բրո Հասանյանը՝ շնորհավորելով բոլոր եզդիներին և մաղթելով առողջություն, բարեկեցություն ու հաջողություն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում