Ռուսաստանը ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. ԱԳՆ
Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Հայաստանի մասնակցության համար Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումներին:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- նշել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։ հայտարարել է, թե Երևանը, մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, «ցավոք, այլ ուղի է ընտրել»:
«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում Վաշինգտոնում ընթացող այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը կարող է ոչ այլ ինչ առաջացնել, քան ծայրահեղ ափսոսանք»,- ասել է Գալուզինը։
Նրա խոսքով, համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ «ի վնաս սեփական անվտանգության»։
«Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր ծախսերը»,- հավելել է դիվանագետը։
«Իմ կարծիքով, «երկու աթոռի վրա նստելու» փորձերի անիրատեսական բնույթը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից՝ ելույթ ունենալով Մոսկվայում Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում անցած ամսվա վերջին՝ խոսելով Երևանի եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- եզրափակել է Գալուզինը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։
Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահություն է հայտնել, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։
Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը ևս գրառում էր կատարել՝ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։
Կարծիքներ