Արցախի ժողովուրդը մարդասիրական աղետի եզրին է. մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։
Նեղ կազմով նիստից հետո կայացել է ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով հանդիպումը։
Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում ասել է.
«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Պատվիրակությունների անդամներ,
Տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք սրտանց ողջունել ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում: Ուրախ եմ ձեզ բոլորիդ տեսնել մեր երկրում:
Ցավով պետք է նշեմ, որ Ղրղզստանի Հանրապետության վարչապետը, հայտնի պատճառներով, չկարողացավ ժամանել Հայաստան` մասնակցելու Խորհրդի նիստին։ Այդ պատճառով մեր այսօրվա հանդիպումն անցկացվում է աշխատանքային հանդիպման ձևաչափով: Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում:
Ինչպես նշեցի նեղ ձևաչափով նիստի ժամանակ, այսօր մեր երկիրն ու մեր ժողովուրդը դժվար ժամանակներ են ապրում: Երկու շաբաթ առաջ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանական զորքերը՝ Թուրքիայի աջակցությամբ, ռազմական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով նորագույն տեխնիկայի բոլոր տեսակները: Դրանք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ: Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ: Մեր ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ:
Մեր քաղաքներն ու գյուղերը գտնվում են հրթիռային և հրետանային անընդհատ կրակի տակ: Թիրախավորված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ: Լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքին, ավերվել են բնակելի շենքեր: Առանձնապես տուժել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մարդասիրական աղետի եզրին է:
Մեր ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական բանակը, որն ուղղորդվում է թուրք ռազմական մասնագետների կողմից: Դրանում ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններ և զինյալներ Սիրիայից: Այս փաստը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև միջազգային ամենահեղինակավոր ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներով: Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում:
Չնայած բոլոր ջանքերին՝ մեր հակառակորդին չի հաջողվել հասնել ոչ մի նշանակալի արդյունքի: Մեր ժողովուրդը միասնական է, քան երբևէ և լի է վճռականությամբ՝ պաշտպանելու իր ազատությունն ու անկախությունը:
Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք խաղաղության գործընթացի վերականգնմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների վերջին մի քանի օրվա հայտարարություններին համապատասխան:
Ինչպես հասկանում եք, սա մեզ համար ճակատագրական թեմա է, և ես անպայմանորեն ցանկանում էի ձեզ հետ կիսվել այն դրամատիկ իրադարձությունների մասին տեղեկատվությամբ, որոնք հիմա տեղի են ունենում մեր անհանգիստ տարածաշրջանում:
Սիրելի բարեկամներ,
Ինչպես բազմիցս նշել ենք, Եվրասիական տնտեսական միությունում մեր մասնակցությունը և մեր երկրների միջև ինտեգրացիայի խորացման ուղղությամբ աշխատանքը մեր կառավարության կարևորագույն առաջնահերթություններն են: Մենք հետայսու ևս կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը՝ Միության կողմից նախանշված նպատակներին հնարավորինս շուտ հասնելու համար՝ չնայած մեր երկրի առջև այսօր ծառացած բոլոր մարտահրավերներին:
Այսօրվա հանդիպման օրակարգի շրջանակում կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա:
Կարծում եմ, որ բոլորիս համար արդիական է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության հարցը` կապված COVID-19 համավարակի տարածման հետ: Այս առումով կցանկանայի շեշտել Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ներկայացված «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» փորձնական ծրագրի կարևորությունը: Ծրագիրը, որը համատեղ մշակվել է Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, բավական նշանակալի փուլ է մեր երկրների քաղաքացիների տեղաշարժի գործընթացի կազմակերպման արդյունավետ համակարգի ձևավորման համար` նվազագույնի հասցնելով կորոնավիրուսային վարակի պայմաններում պետական սահմանների հատման ռիսկը:
Համավարակի պայմաններում մենք ընդգծում ենք ուղևորափոխադրումների խնդրի առումով ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը: Մեր տարածքում մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրացիոն գործընթացների, այնպես էլ մեր երկրների տնտեսությունների վրա:
Այս համատեքստում մեծապես կարևորում ենք էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը թվային տնտեսության առանցքային բաղադրիչն է: Էլեկտրոնային առևտրի լայնորեն ներդրումը կարող է ընդլայնել ընկերությունների վաճառքի հնարավորություններն ու ծավալները, ինչպես նաև ապահովել առևտրաշրջանառության ամբողջական վերահսկողություն: Մեր կողմից այժմ միջոցներ են ձեռնարկվում էլեկտրոնային առևտրի ոլորտի միջազգային մասնակիցներին հայկական շուկա ներգրավելու ուղղությամբ: Իհարկե, այս գործընթացում պետք է նախ և առաջ հաշվի առնել էլեկտրոնային գործարքների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման և էլեկտրոնային առևտրի համար որոշակի հիմքի ստեղծման կարևորությունը:
Եվ վերջինը: Ինչպես միշտ, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթղթի նախագծին: Համոզված ենք, որ ռազմավարական ուղղությունները կնպաստեն ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական միության ակտիվության, մրցունակության և գիտարտադրական ներուժի բարձրացմանը:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Կարծիքներ