ՀԲ-ն ներկայացրել է ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների անկախ գնահատման արդյունքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանն ու Արթուր Մարտիրոսյանը, տեղական ու միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է բարդ ժամանակահատվածում մեկնարկած և իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփումը. «Ոգևորություն և հպարտություն ենք զգում, որ չնայած այն բոլոր դժվարություններին, որոնց միջով անցել ենք, այսօր կարող ենք նաև խոսել արդյունքներից: Դրանք առաջին հերթին ստացել ենք շատ մեծ թիմի աշխատանքի շնորհիվ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել թե՛ միջազգային, թե՛ տեղական գործընկերներին՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի, առարկայական չափորոշիչների, ուսումնական նյութերի մշակման և փորձարկման շուրջ իրականացված աշխատանքների համար:
«Այդ աշխատանքներին այնուհետև միացել է ամբողջ Տավուշի մարզը: Սա չափազանցություն չէ. մարզի բոլոր դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու մյուս աշխատակիցները մաս են կազմել այդ մեծ աշխատանքի: Այս արդյունքը համավարակի, պատերազմի և հետո արդեն հետպատերազմական իրավիճակում հնարավոր է եղել ստանալ միայն համատեղ ահռելի ջանքերի շնորհիվ: Այսօրվա արդյունքը նաև ցույց է տալիս, որ մենք կանգ չենք առնելու և գնալու ենք առաջ՝ ինչպես բարելավումներ իրականացնելու, այնպես էլ նմանօրինակ կրթական արդյունք Հայաստանի մյուս մարզերում ևս ստանալու համար»:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթ գնահատմամբ՝ կրթական համակարգի բարեփոխումը հանդիսանում է ամենաբարդ գործընթացներից մեկը. «Տավուշի մարզում իրականացված փորձարարական ծրագրի գնահատումը ցույց է տալիս, որ բնագիտական (STEM) առարկաների համար նոր կրթակարգը էապես խթանում է ուսումնառությունը՝ համարժեք լինելով կես տարվա լրացուցիչ ուսումնառության։ Այս բարեփոխումը երիտասարդների համար հսկայական խթան կհանդիսանա՝ ապագա կարիերայի լայն հնարավորությունների իմաստով, այդ թվում նաև բարձր պահանջարկ ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ առողջապահությունը, ճարտարագիտությունը, ՏՀՏ-ն և այլն»:
Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ ծրագրի հաջող փորձարկումից հետո այժմ կարևոր է զարգացնել նմանօրինակ հայեցակարգերն ամբողջ Հայաստանում, փորձել օգտվել այս ուսումնասիրության արդյունքներից և առաջ գնալու լրացուցիչ հնարավորություններ ստեղծել. «Հայաստանի հետ ունենք հիանալի գործընկերություն և հավատում ենք ՀՀ բնակիչների ներուժին: Ցանկանում ենք, որ Հայաստանը կարողանա զարգացնել իր մարդկային ռեսուրսները, իր տնտեսությունն ու ինքնավարությունը՝ ժամանակակից աշխարհում իր տեղն ու դիրքն առավել ամրապնդելու համար: Դրա համար անհրաժեշտ է մարդկային որակյալ կապիտալ: Առանց որակյալ մասնագետների՝ հնարավոր չէ հաջողության հասնել: Մարդկային կապիտալի զարգացումը մեր առաջնահերթություններից է»:
Զեկույցի հիմնական արդյունքները ներկայացրել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆռեյտաս Լեմոսը: Նրա խոսքով՝ ՀԲ ուսումնասիրությունը փաստում է՝ Հայաստանում աշակերտների շրջանում զգալի հաջողություններ են գրանցվել կրթական ծրագրի բարեփոխման արդյունքում:
Ռենատա Ֆռեյտաս Լեմոսի խոսքով՝ 2018 թ. Հայաստանը նախաձեռնել է կրթական համակարգի հավակնոտ բարեփոխում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ուղղությամբ, ու թեև բարեփոխման գործընթացը դեռևս չի ավարտվել, սակայն մինչ օրս գրանցված առաջընթացի գնահատումն արժեքավոր փորձ է։ Ռենատա Լեմոսը նաև բարձր է գնահատել ՀՀ կառավարության՝ դժվարին ժամանակահատվածում կրթական բարեփոխումներ իրականացնելու քաջությունը, ինչպես նաև իրականացված աշխատանքների վերաբերյալ անկախ փորձագիտական դիտարկման անհրաժեշտությունը կարևորելը:
ՀԲ ուսումնասիրությունը, որի միջոցով գնահատվել են Հայաստանում իրականացվող կրթական ծրագրի բարեփոխումներն ու հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը Տավուշի մարզում, ցույց է տալիս, որ այն աշակերտները, որոնք երկամյա փորձարարական ծրագրի շրջանակում սովորել են նոր ծրագրով, զգալի հաջողությունների են հասել թե՛ մաթեմատիկայի, թե՛ բնագիտական առարկաների ուղղությամբ, ինչը համարժեք է վեց ամսվա լրացուցիչ ուսումնառության:
Զեկույցը նկարագրում է կրթակարգի բարեփոխման գործընթացի չորս հիմնական շարժիչ ուժերը՝ հստակ սահմանված շրջանակներ, դասավանդման ու ուսումնական բարձրորակ նյութեր, մասնագիտական զարգացում և ուսումնառության գնահատում։
Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև «Պատկերացնելով կրթության և գիտության ապագան Հայաստանում. ինչպե՞ս կարող են ուսումնական ծրագրերի բարեփոխումները խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական աճը» խորագիրը կրող պանելային քննարկմանը:
«Կրթական բարեփոխումների իրականացման գործընթացը ոչ մի րոպե կանգ չի առել՝ անկախ բոլոր դժվարություններից և մարտահրավերներից: Հանրակրթության ոլորտի բարեփոխումը հանրային զարգացման տանող ճանապարհն է: Եթե խոսում ենք մարդկային կապիտալի զարգացումից, ապա այս բարեփոխումն այլընտրանք չունի: Մեր երեխաները 11.3 տարի, ըստ ուսումնասիրությունների, գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից: Կրթական արդյունքը, որը տալիս ենք, համարժեք է 8 տարվա: Այս բարեփոխումը, անցնելով մի շարք խնդիրներով և դժվարություններով, արդեն ապահովել է այն առաջընթացը, որ մենք խոսում ենք հավելյալ ևս 6 ամսվա արդյունքի մասին: Հատկանշական է, որ այդ արդյունքի մասին խոսում ենք մի պայմաններում, երբ ամբողջ աշխարհը քննարկում է, թե համավարակի հետևանքով յուրաքանչյուր երկիր դպրոցական համակարգում քանի ամսվա կամ նույնիսկ տարվա կորուստ է ունեցել»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս արդյունքին հնարավոր է եղել հասնել միայն համատեղ ջանքերի միջոցով:
Պանելային քննարկման ընթացքում Տավուշի մարզի Լճկաձորի դպրոցի աշակերտական և ուսուցչական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Տավուշի մարզի Ծաղկավանի դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանը խոսել են մարզում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման և ներդրման արդյունքներից՝ բարձր գնահատելով իրականացված հայեցակարգային փոփոխություններն ու չափորոշչի՝ սովորողի հմտությունների, կարողունակությունների վրա հիմնված լինելը: Նրանք ընդգծել են՝ չափորոշչով հավասարապես շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը և արժեքային համակարգը:
Նշենք՝ «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» բնագիտական առարկաների փորձարարական ծրագրի արդյունքում Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներ այժմ ունեն լիովին հագեցած քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատորիաներ։
Կարծիքներ