Միսաք Մանուշյանի յոթ նոթատետրերից երեքը ցուցադրվում են Փարիզի պանթեոնում
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում է բանաստեղծ, թարգմանիչ, Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի անձնական արխիվը, որում տեղ են գտել ձեռագիր նամակներ, հուշագրություններ, լուսանկարներ։ Այդ հավաքածուից երեք ցուցանմուշ այսօրվանից կցուցադրվի Փարիզում։
Փետրվարի 21-ին Փարիզի պանթեոնում տեղի է ունեցել Ֆրանսիայի ազգային հերոս հայազգի Միսաք Մանուշյանի և նրա կնոջ` Մելինե Մանուշյանի վերահուղարկավորության արարողությանը: Փարիզի ազգային պանթեոնում բացվել է Միսաք Մանուշյանին նվիրված "Vivre à en mourir" խորագրով ցուցադրությունը, որը կգործի մինչև սեպտեմբերի 8-ը:
Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար Մարինե Հարոյանի տեղեկացմամբ՝ Միսաք Մանուշյանի արխիվը թանգարանին հասել է նրա կնոջ միջոցով. «Մելինե Մանուշյանը 60-ականներին եկել է Հայաստան՝ իր հետ բերելով արխիվը և ամուսնու ձեռագիր ժառանգությունից որոշ նյութեր, որոնք այժմ սրբորեն պահվում են թանգարանում։ Այն, ինչ Մելինեն իր հետ բերել է Հայաստան, բնականաբար, ամբողջական չէ, դա միայն փրկված մասն է: Նշեմ, որ 60-ականներին Մելինեն պետական համալսարանում ասպիրանտ է եղել, անգամ դասավանդել է: Մեզ մոտ պահպանվել են նաև համալսարանի նրա աշխատանքային պլանը, այդ տարիներին գրած հոդվածները՝ Մանուշյանի, Ազնավուրի և այլոց մասին»:
Մարինե Հարոյանի նշմամբ՝ արխիվում հիմնականում Միսաք Մանուշյանի բանաստեղծություններն են, որոնց մեծ մասը տպագրված են, անտիպ հուշագրությունները, որոնց վրա էլ հիմա աշխատում են: «Ամենաարժեքավորները Մանուշյանի յոթ նոթատետրերն են, որոնք օրագրային գրառումներ են։ Շատ հետաքրքիր են՝ հայերեն ու ֆրանսերեն գրություններով, որտեղ գրում է ամեն ինչի մասին՝ այդ օրվա անելիքի, իր քաղաքական ու փիլիսոփայական հայացքների, գրական քայլերի: Այդ յոթ նոթատետրերից երեքն այսօր ցուցադրվում են Փարիզի պանթեոնում»,- նշել է Մարինե Հարոյանը։
Մ. Հարոյանի տեղեկացմամբ՝ համագործակցում են նաև ֆրանսիական կողմի՝ Մելինե Մանուշյանի քրոջ աղջկա հետ, բանակցություններ վարում, նախապատրաստական աշխատանքներ տանում օրագրերը հրատարակելու համար։
Միսաք Մանուշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում 1906 թվականին: 1915 թվականին զրկվելով ծնողներից՝ հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ սովորել է ֆրանսերեն և ծանոթացել ֆրանսիական մշակույթին: 1925 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, ակտիվ գործունեություն է ծավալել՝ իր շուրջը համախմբելով հայերին, գրական ամսագրեր հրատարակել, մասնակցել Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ։
1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մանուշյանի խմբի անդամներին։ Մանուշյանի կնոջը՝ Մելինե Մանուշյանին, հաջողվել է փախչել: Միսաք Մանուշյանը տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։
Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Փարիզում, Մարսելում, Վալանսում և Երևանում Մանուշյանի և նրա խմբի անունով անվանվել են փողոցներ, հրապարակներ:
1978 թվականի նոյեմբերի 4-ին Փարիզի Իվրի սյուր Սեն արվարձանի զինվորական գերեզմանոցում բացվել է Միսաք Մանուշյանի հուշարձանը (քանդակագործ՝ Արա Հարությունյան)։
Կարծիքներ