Սփյուռքում կձեւավորվի մեկ միլիոնանոց հայկական բանակ

Սփյուռքում կձեւավորվի մեկ միլիոնանոց հայկական բանակ

Մեր ազգը պետք է դառնա բանակ, քանի որ մենք այլընտրանք չունենք, սփյուռքում բոլորս պետք է դառնանք զինվորներ։ Այս մասին Freenews.am-ի հետ զրույցում ասաց Լոս Անջելեսում բնակվող Լևոն Խաչատրյանը։ Վերջինս նշեց, որ հանուն Հայաստանի, Արցախի և առաջնագծում մարտնչող զինվորի, օրերս հանգանակություն են իրականացնել եւ հասույթն ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, սակայն դրանով միտք չունեն բավարարվելու։ Այժմ աշխատում են շատ ավելի մեծ գաղափարի շուրջ. «Մեր նպատակն է՝ սփյուռքում բնակվող մեկ միլիոն մարդու համոզել, խնդրել, բացատրել, որպեսզի նրանք իրենց քրեդիտ քարտի հաշվից ամսական 50 դոլար փոխանցեն Համահայկական հիմնադրամին, պարզապես իրենց վճարումների մեջ նշեն ամսական այդքան գումար գանձել եւ մոռանան այդ մասին: Եթե մեկ միլիոն մարդ ամսական 50 դոլար փոխանցի մեր երկիրն ամսական կունենա 50․000․000 դոլար: Դա ահռելի գումար է: Եվ, եթե հիմնադրամն իրավասու չէ իր հասույթն ուղղել զենք զինամթերք գնելուն, ապա՝ թող պետությունն իր վրա վերցնի այդ գործը, իսկ հիմնադրամը հոգա պետության մշտական ծախսերը՝ տնտեսության զարգացման, ինֆրաստրուկտուրայի եւ այլն», - ասաց Լևոն Խաչատրյանը։

Հանգանակություն կատարողները հերթականությամբ համարակալվելու են, այսինքն՝ ամսական գումար փոխանցող ամեն հայ ունենալու է իր հերթական համարը:

Լևոնը նշեց, որ իրենք արդեն խումբ են կազմել և փորձում են մարդկանց իրազեկել․ «Նախաձեռնությունը կոչվելու է «50+...», գաղափարի հեղինակները չորսս ենք՝ Մկո Մալխասյանը, Գոհար Վեզիրյանը, Հակոբ Ռուբինյանը եւ ես: Պատրաստվում ենք ֆլեշմոբեր անել, վիդեոներ նկարահանել և հնարավորինս բարձրաձայնել այս գաղափարի մասին։ Ամեն օր պետք է խոսել այդ մասին, որպեսզի հասնենք մեկ միլիոնի։ Մեկ միլիոն բանակը պետք է լինի մեր տնտեսության զարգացման երաշխավորը։ Սա շատ կարևոր մարտահրավեր է, քանի որ ամեն հայ ամսական 50 դոլարով կարող է մասնակցել 50․000․000 դոլարանոց նախագծի»։

Լևոնի խոսքով՝ ինքն ուզում է այս միջոցով իշխանություններին և ժողովրդին փրկել անվերջ գումարներ խնդրելուց։ «Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը պետք է իմանան, որ սփյուռքում՝ իրենց թիկունքին կանգնած բանակ ունեն: Նախաձեռնության մասին տեղյակ եմ պահել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկական Արշամյանին, վերջինս ողջունել է գաղափարը»,- եզրափակեց Լևոն Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում