Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երն Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել միջազգային կազմակերպություններին եւ դեսպաններին
Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների եւ միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ եւ Շուշի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։
Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները եւ այլն։
Այս այցով «պետք է ապացուցել, որ «Որեւէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որեւէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար»,- ասվում է համատեղ հրավերի տեքստում:
Կարծիքներ