Առաջին կին թեկնածուն. ովքեր են Իրանում հավակնում երկրի առաջնորդի պաշտոնին
Իրանի նախագահական ընտրություններին պաշտոնապես գրանցված է արդեն 12 թեկնածու:
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները, որոնց տվյալներով՝ գրանցման հենցառաջին օրը դիմումներ են ներկայացրել պատգամավոր Մասուդ Պեզեշկիյանը, պատգամավոր Ահմադ Ռասուլինեժադը եւ Վահիդ Խագանիյանը, որոնք աշխատել են Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի վարչակազմում։ Նրանց տվյալները լիովին համապատասխանում են անհրաժեշտ պահանջներին։
Նախագահի պաշտոնի համար թեկնածության գրանցումը սկսվել է մայիսի 30-ին, և մինչ այսօր արդեն գրանցվել է գրեթե երկու տասնյակ դիմորդ։
Նրանց թվում են իրանցի այնպիսի հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլ Նասեր Հեմմատին, Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ով ակտիվ դեր է խաղում Իրանի գերագույն առաջնորդի վարչակազմում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Սեյեդ Վահիդ Հագգանյանը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զականին։
Նրանցից բացի, իրենց թեկնածությունն են առաջադրել նաև Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախկին նախարար Մոհամմադ Խաթամին և խորհրդարանի անդամ Մասուդ Պեզեշկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Ահմադ Ռասուլի Նեժադը: Նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցում են Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Մոսթաֆա Քավաքեբիանը, Անկախության և հավասարության կուսակցության գլխավոր քարտուղար Ղոդրաթալի Հեշմատիանը, ներկայիս խորհրդարանի անդամներ Մոհամմադռեզա Սաբբաղիանը, Աբբաս Մոգթադայը և Մոհամմադ Խոշչեհրեն, ինչպես նաև նախկին պատգամավոր Մահմուդ Ահմադի- Բիգաշը:
Ուշագրավ է, որ Զոհրե Էլահիանը դարձել է առաջին կինը, ում հաջողվել է գրանցվել Իրանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում:
«Գրանցվելուց հետո Էլահյանը հայտարարել է, թե իր կառավարության կարգախոսն է «առողջ կառավարություն, առողջ տնտեսություն և առողջ հասարակություն»: Զոհրա Էլահյանն առաջին անգամ է պայքարելու նախագահի պաշտոնի համար:
Ուշագրավ է նաև այն, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ևս գրանցվել է արտահերթ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար:
Ահմադինեջադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է։ Նա ընտրվել է 2005-ին և պաշտոնավարել 9 տարի՝ մինչ 2013 թվականը:
Նոր նախագահական ընտրությունները, համաձայն Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի, պետք է անցկացվեն նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին փոխանցելուց հետո 50 օրվա ընթացքում։ Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Մոհամմադ Մոխբերը։
Հաստատված ընտրական օրացույցի համաձայն՝ թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, իսկ թեկնածուների պահանջներին համապատասխանության ստուգումը կիրականացվի հունիսի 4-ից 10-ը։ Թեկնածուների անունների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին
Նախընտրական քարոզարշավը հնարավոր կլինի անցկացնել երկու շաբաթ՝ հունիսի 12-ից հունիսի 26-ը։ Ընտրություններից մեկ օր առաջ կհայտարարվի «լռության օր», որի ընթացքում արգելված է քարոզարշավը։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Երկրորդ փուլը, եթե անհրաժեշտություն առաջանա, կկայանա հուլիսի 5-ին։
Իրանի նախագահի թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ։ Այնուհետև թեկնածուների համապատասխանությունը ստուգվում է Սահմանադրության պահապանների հատուկ խորհրդի կողմից՝ կազմված աստվածաբաններից, և որոշում են ամենաարժանավորներին, որոնք, խորհրդի կարծիքով, ընդգրկված են լինելու քվեարկության ցուցակներում։
Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Ադրբեջանի հետ սահմանի մոտ։
Բացի Ռաիսիից, օդանավում եղել էին նաև երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ուղղաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը մահացել են։
Կարծիքներ