Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը հեղինակի գործընկերները ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին
Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը` փետրվարի 12-ին, հեղինակի գրչակից ընկերները, արվեստի երկրպագուներն այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ խոնարհելով մտավորականի շիրիմին:
Խոսելով Հրանտ Մաթևոսյանի գրականության ոչ միայն ազգային, այլև համաշխարհային լինելու մասին նրա որդին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը մեջբերեց հոր խոսքերը. «Չկա համաշխարհային գրականության կայացած միավոր, որն իր արմատներով խորապես ազգային չլինի»:
«Հենց իրական ազգայինն է, որ կարող է համաշխարհային դառնալ ու ճանաչվել, որովհետև միայն իրապես ապրված խոհերով ստեղծված գրականությունը, ձևակերպված խոսքը կարող են դառնալ միջազգային: Ազգային ասելով մենք այլ բան ենք հասկանում. մենք ենթագիտակցաբար հասկանում ենք մի փոքր գավառամիտ, մի փոքր չկայացած, մի փոքր տեղայնացված, իբր քո սեփական հոգսերից ու քեզանից խոսող, բայց իրականում ոչինչ էլ չասող գրականությունը, կինոն, երաժշտությունը, մինչդեռ ազգայինը խորապես միջազգային է և միջազգայինը՝ ազգային»,- ասաց Դավիթ Մաթևոսյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում կատարված իրադարձություններին՝ նա նշեց. «Եթե Աստված հորս և նրա սերնդակիցներին ավելի երկար կյանք տար, ու նրանք քանակապես շատ լինեին, մենք չէինք պարտվի, որովհետև նրանց գոյությունը չափորոշիչ էր պարտադրում, պատասխանատվություն նույնիսկ ամենաչկայացած կառավարություններում: Հիմա խոսքը կա, բայց այն պետք է անընդհատ հանրայնացնել ու տեղ հասցնել»,-ընդգծեց Դավիթ Մաթևոսյանը:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանը, որն ամիսներ առաջ բեմադրել է Մաթևոսյանի «Գոմեշը» մոնոներկայացումը, գրողին հանճար է համարում: «Շատ կուզեի, որ բոլոր թատրոններում Մաթևոսյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ լինեին, քանի որ նրա ամեն մի նախադասությունը մի ամբողջ վեպ է. շատ հագեցած է, խորն է: Երբ անգիր էի սովորում տեքստը, կրկնակի հզորացա ստեղծագործության ուժից: Նրա ամեն մի բառն ընդգծում է նախադասության խորությունը, մեծությունը»,-շեշտեց Գրիգորյանը:
Նա կարծում է, որ պետք է անգիր իմանալ Մաթևոսյանի մի շարք ստեղծագործություններ ու ամբողջ աշխարհին ներկայացնել նրան այնպես, ինչպես կոլումբացիները ներկայացրին Մարկեսին:
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1958-1962 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում» որպես սրբագրիչ: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը:
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում: 2004-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:
Կարծիքներ