Վստահ եմ, որ ապագայում ևս մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել. վարչապետը՝ Չինաստանի նախագահին

Վստահ եմ, որ ապագայում ևս մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել. վարչապետը՝ Չինաստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առիթով: Չինաստանում անչափ սիրված ավանդական և ընտանեկան այս տոնը թող առողջություն, ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Հայաստանի և Չինաստանի ավանդական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը, որոնց ռազմավարական մակարդակի բարձրացումը նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների համար:

Հավատացած եմ, որ մեր պետությունների միջև հարաբերությունների վերընթաց զարգացման ուղղությամբ գործադրված ջանքերը ռազմավարական գործընկերության շրջանակը կհարստացնեն հավակնոտ նպատակներով և նոր ծրագրերով։

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ ու ջերմ բարեմաղթանքներ հղում Ձեզ և Չինաստանի կառավարությանը չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առիթով։ Մաղթում եմ, որ այս գեղեցիկ տոնն իր մեջ ամփոփի բարեկամ չին ժողովրդի համազգային նպատակների և ձգտումների կյանքի կոչման նվիրական խորհուրդը։

Ռազմավարական գործընկերության մակարդակի հասած Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, և Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը դրանք առավել խորացնելու համար։

Վստահ եմ, որ ապագայում ևս մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, բարօրության, խաղաղության և ներդաշնակության իմ անկեղծ բարեմաղթանքները»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում