Գեղարքունիքի պարեկները բացահայտել են թմրամոլության երկու դեպք
Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում ծառայող Գեղարքունիքի պարեկները ունվարի 19-ին, երեկոյան ժամը 10-ի սահմաններում ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մեքենայի դռան գրպանում նկատելով կաթուցիչ` պարեկները Ճամբարակում բնակվող 23-ամյա վարորդին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործեու կասկածանքով, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ վարորդը ներկայացրել է կաթուցիչը՝ կանեփանման զանգվածով: Ըստ վարորդի` թմրանյութը ձեռք էր բերել ժամեր առաջ` անձամբ օգտագործելու համար:
Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:
«Հունվարի 20-ին, ժամը 22.15-ին, Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 56-րդ կիլոմետրին կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 26-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, նույն պարունակությամբ մեկ փաթեթ էլ երիտասարդը ներկայացրել է մեքենայից: Ըստ նրա` թմրամիջոցը ձեռք էր բերել անձնական օգտագործման համար։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ