ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության փորձագետներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը:
Այն Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության առումով: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է սովորողների կրթական կարիքների քարտեզագրումը և նրանց լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացում: Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած քայլերն այս ուղղությամբ՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ շուրջ 17 հազար դպրոցահասակ սովորողներ ընդգրկվել են ՀՀ հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում իրենց կրթությունը շարունակում են 900, իսկ բուհերում՝ 1800 ուսանողներ: Ըստ փոխնախարարի՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է:
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տարբեր խնդիրներով միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է զարգացման գործընկերների հետ համատեղել ջանքերը՝ առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
«Մենք այժմ բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և համակարգային փոփոխությունների այս շրջանում մեզ հաջողվեց ճկուն մոտեցումներով ապահովել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության իրավունքը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ փոխնախարարը նշել է նաև, որ ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ ուսուցիչներ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են ՀՀ դպրոցներում: Այժմ մշակվում են նոր մոտեցումներ՝ մշակույթի և սպորտի ոլորտի մասնագետներին աշխատանքով ապահովելու նպատակով:
ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետները ներկայացրել են իրենց գործունեությունը և աջակցության հնարավորությունները: Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Կարծիքներ