Տավուշի երեխաների առօրյա խոսակցության թեման պաշտապնությունն է․ նրանք մեր աջակցության կարիքն ունեն հիմա․ հոգեբան
Հոգեբան Անի Ենգիբարյանի նախաձեռնությամբ հոգեբանների կամավորական խումբ է ձևավորվելու։ Նրանք մեկնելու են Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Մովսես և հարակից գյուղերի երեխաներին հոգեբանական առաջնային աջակցություն ցուցաբերելու։
Freenews.am-ի հետ զրույցում Անի Ենգիբարյանը նշեց, որ տարածաշրջանը ճգնաժամային է, երեխաները գտնվում են հաճախակի հնչող կրակոցների ներքո, որոնք հատկապես այս օրերին հոգեբանական աջակցության կարիք ունեն։
«Իրավիճակը սրվելու հենց առաջին օրվանից ես կապ հաստատեցի Այգեհովիտի, Բերդի երեխաների հետ, զրուցելուց հետո պարզ դարձավ, որ առաջնային աջակցության կարիք կար։ Որոշեցի մասնագետների թիմ հավաքել»։
Անի Ենգիբարյանը մասնագիտական առաքելությամբ Տավուշ մեկնելու նպատակով համագործակցություն է սկսել Տավուշի մարզպետարանի հետ։
«Տավուշի մարզպետարանից մեզ ուղորդեցին, թե որտեղ և ինչ քայլերով կարելի է կազմակեպել այդ աջակցությունը։ Ուրախալին այն էր, որ մարզպետարանը ևս կարևորեց այդ աջակցության անհրաժեշտությունը»,- իր խոսքում նշեց Անին։
Վերջինիս խոսքով՝ համավարակի ռիսկերը հաշվի առնելով՝ որոշ հոգեբաններ առաջարկել են սահմանամերձ գյուղերի երեխաների հետ առցանց տարբերակով հանդիպումներ կազմակերպել, ինչը, Անիի կարծիքով, կարող է այնքան էլ արդյունավետ չլինել։
«Ձևաչափի հետ կապված հեռավար անցկացնելու առաջարկներ են եղել, որոնք այս պահին քննարկվում են թե՛ մարզպետարանի, թե՛ մասնագիտական խմբի հետ։ Բայց կան այնպիսի հոգեբաններ, ովքեր անձամբ պատրաստակամություն են հայտնել տարածք մեկնելու և տեղում աշխատելու»։
Հոգեբան Անի Ենգիբարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև կոնֆլիկտային տարածաշրջանում երեխաների հոգեբանական առանձնահատկություններին։
«Կրակոցների ներքո մեծացող երեխաները ունենում են վախի ուժեղ զգացողություն, ինչը հետագայում վարքագծի մեջ այլ դրսևորումներ է ստանում, ինչպես օրինակ ինքնավստահության խնդիր, հոգեկան կայունության խնդիր և այլն։ Նրանց առօրյա խոսակցությունների թեման հարձակման, պաշտպանության մասին է։ Նրանք մեր աջակցության կարիքն ունեն հիմա»- զրույցն ամփոփելով ասաց Անին։
Կարծիքներ