Պրահան պատրաստակամություն Է հայտնել՝ օգնել Վարշավային Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրադրությունում
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը Բելառուսի հետ սահմանին անօրինական միգրանտների հետ կապված իրադրությունը քննարկել Է Լեհաստանի իր գործընկեր Զբիգնեւ Ռաուի հետ եւ հայտնել Է նրա երկրին օգնելու պատրաստակամության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ես խոսել եմ իմ լեհ գործընկեր Զբիգնեւ Ռաուի հետ:
Մենք քննարկել ենք լեհ-բելառուսական սահմանին ստեղծված ահավոր իրադրությունը: Ես մեր համերաշխությունն եմ հայտնել Լեհաստանին եւ հաստատել անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը»,-Կուլգանեկը գրել Է իր Twitter-ում: Նա հավելել Է, որ Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրադրության քննարկումը կշարունակվի նոյեմբերի 15-ին Վիշեգրադյան քառյակի երկրների (Չեխիա, Լեհաստան, Սլովակիա եւ Հունգարիա) ԱԳ նախարարների հետ հանդիպման ընթացքում:
Ինչպես հաղորդվել Է, լեհ-բելառուսական սահմանին իրադրությունը բարդացել Է անցյալ երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին, երբ բելառուսական կողմից Լեհստանի հետ սահմանին են մոտեցել մի քանի հազար միգրանտներ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից, որոնք ցանկանում են հասնել ԵՄ: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցողը համարել են ամենադժվարին պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր: Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանին անօրինական միգրանտների թվի աճի մասին, որոնք ցանկանում են հայտնվել ԵՄ-ի տարածքում: Եվրամիությունում Մինսկին մեղադրում են միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ, քանի որ թույլ չի տալիս ետ վերադառնալ անօրինական միգրանտները, որոնք փորձում են հայտնվել Եվրամիությունում, բայց մերժում են ստանում: Բալթյան երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրում են միգրանտների հոսքեր կազմակերպելու մեջ եւ դա որակում են «հիբրիդային ագրեսիա»: Այդ նույն դիրքորոշումն ունի նաեւ Եվրահանձնաժողովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ