Բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են ՀՀ-ի շուրջ. Փաշինյան

Բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են ՀՀ-ի շուրջ. Փաշինյան

Պատերազմի դրվագներով հազարին մոտ քրեական գործ կա հարուցված՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, մանրամասնելով, որ այս պահին շուրջ 40 մեղադրվող անձ կա.

«Կան նաև կալանավորված անձինք։ Ընդ որում, բանակի հետ կապված խնդիրներով կալանավորված անձանց թիվը մոտենում է տասնյակին։ Կարծում եմ՝ նաև գործեր կլինեն, որոնք կգնան դատարան»։

Վարչապետն ընդգծեց՝ մյուս կողմից էլ առանձին վերցված դրվագները պիտի դիտարկվեն, պիտի նաև իրավական գնահատականի արժանանան, բայց ըստ էության, պետք է հասկանալ, որ դա այսբերգի երևացող կողմն է։

«Օրինակ, բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել։ Ընդ որում, այդ ֆունդամենտալ խնդիրները բոլորինս են։ Բանակը, երկար տարիներ, ըստ էության, եղել է անձեռնմխելի։ Ճիշտ է՝ ահազանգներ են եղել  բանակում տեղի ունեցող թերությունների, չարաշահումների մասին, բայց, սովորաբար այդ ահազանգերի հեղինակները համարվել են, այսպես ասած, ոչ կառուցողական, ապազգային և այլն... Սա այն է, ինչ տեղի ունեցավ այսբերգի երևացող կողմում։ Բայց երկար տարիներ ինչպե՞ս է տեղի ունեցել բանակի զարգացումը, ինչպե՞ս է ձևավորվել բանակի բյուջեն, ինչպե՞ս է ծախսվել բանակի բյուջեն. Սրանք  հարցեր են, որոնք շատ կարևոր են, որոնք, ի վերջո, կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում»,- նշեց Նիկոլ  Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ սխալներ են եղել ռազմական առումով։

Վարչապետն օրինակ բերեց. երբ Անվտանգության խորհրդին զեկուցվում է, որ բանակն ի վիճակի է ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ պահել առաջնագիծը, բայց գործնականում դա տեղի չի ունենում։

«Սրանք հարցերն են, որոնք պետք է շատ լրջորեն ուսումնասիրվեն, բայց համակարգային առումով մենք պետք է խոստովանենք և ասենք, որ, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործն այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության շուրջ։ Երբ տեսնում ենք, թե պաշտպանական ծախսերի ինչ բյուջետային զարգացումներ են եղել Հայաստանում և Ադրբեջանում... Այս ամեն ի վերջո արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերում, կոնկրետ երևույթներով և դրսևորումներով»,- նկատեց նա։

Նիկոլ Փաշինյանն, իր խոսքով, նշեց ևս մեկ կարևոր նրբություն՝ պահեստազորի հետ կատարվող աշխատանքը։ Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանում, ըստ էության, երկար տարիներ պատշաճ ձևով և մակարդակով պահեստազորի զորահավաքներ չեն իրականացվել։ Ինչո՞ւ՝ անհասկանալի է.

«2019 թվականին մենք իրականացրեցինք Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը, և հիմա էլ մոբոլիզացիոն ռեսուրսի աշխատանքի տրամաբանությունը շարունակում ենք»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում