Հրապարակվել է Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և ևս 2 պաշտոնյայի դատավճիռը
Հրապարակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դատավճիռը։
Դատավճռով Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, նաև այլ հոդվածներով: Նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 6 տարվա ազատազրկումը, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից:
Լևոն Երանոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 5 տարի ժամկետով ազատազրկումը: Նա ևս համաներմամբ ազատվել է պատժի կրումից:
Մեղադրող դատախազն իր ճառում միջնորդել էր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման, Լևոն Երանոսյանին՝ 8:
Ոստիկանության Ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը և Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղավոր են ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցվել է:
Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2020 թվականին հրապարակած հաղորդագրության համաձայն՝ իրենց մոտ քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:
Գասպարյանին, Երանոսյանին եւ եւս երկու անձի մեղադրանք էր առաջադրվել:
Կարծիքներ