Մոդին հայտնել է ՌԴ-ի և Հնդկաստանի ջերմ հարաբերությունների և նոր հյուպատոսությունների բացման մասին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն իր երկրի հավատարիմ բարեկամն է, իսկ ռուս-հնդկական հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական նշանով է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Ռուսաստանում երբեմն ջերմաստիճանը զրոյից ցածր է լինում, բայց Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական նշանով է», - ասել է նա։
Մոդին ընդգծել է, որ «Ռուսաստանը Հնդկաստանի հուսալի բարեկամն է ցանկացած եղանակին»։
«Երբ մեր ուսանողները հայտնվեցին մարտական գործողություների գոտում (Ուկրաինայում), նախագահ Վլադիմիր Պուտինն օգնեց նրանց բարեհաջող տարհանել», - հիշեցրել է վարչապետը։
Հնդկաստանի վարչապետը հանդիպմանը նաև հայտնել է Ռուսաստանում Հնդկաստանի երկու նոր հյուպատոսությունների բացման մասին՝ Կազանում և Եկատերինբուրգում:
Հուլիսի 8-ին Հնդկաստանի կառավարության ղեկավարը ժամանել է Մոսկվա, որտեղ տեղի կունենա ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։ ՌԴ մեկնելուց առաջ Մոդին հայտարարել էր, որ երկու երկրների միջև հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը զարգացել է վերջին 10 տարիների ընթացքում, այդ թվում՝ էներգետիկայի, անվտանգության, առևտրի, ներդրումների, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և անձանց միջև փոխանակումների ոլորտներում։
Հուլիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության և Հնդկաստանի ղեկավարները հանդիպել են Նովո-Օգարևոյի մերձմոսկովյան նախագահական նստավայրում ոչ պաշտոնական միջավայրում: Երկու երկրների պատվիրակությունների պաշտոնական բանակցությունները նախատեսված են հուլիսի 9-ին:
Կարծիքներ