ԱՀ ոստիկանապետը հանձնարարել է վերականգնել պատերազմի հետևանքով վնասված Մարտակերտի ոստիկանության բաժնի շենքը

ԱՀ ոստիկանապետը հանձնարարել է վերականգնել պատերազմի հետևանքով վնասված Մարտակերտի ոստիկանության բաժնի շենքը

ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտում, ծանոթացել շրջանային ոստիկանության բաժնի խնդիրներին ու անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին:

 

Ռազմագործողությունների օրերին ադրբեջանական զինուժը թիրախավորել էր նաև ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: Հրթիռի մեկ արկ ուղիղ նշանակետով ընկել էր վարչական շենքի երկրորդ հարկ, մյուսը՝ հայտնվել բակում:

 

Հրթիռակոծության հետևանքով ավերածություններն այստեղ շատ են: Բացի շենքի կրած վնասներից, զգալիորեն վնասվել են նաև գույքը և նյութատեխնիկական բազան: Արտեմ Հարությունյանը ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության անձնակազմի հետ մեկտեղ գույքագրել և չափագրել է բաժնի կրած վնասները, որպեսզի կարճ ժամանակում վերականգնվեն:

 

Ոստիկանության պետը Մարտակերտի շրջանային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռոմա Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է նաև ոստիկանության Գետավանի բաժանմունք: Տարածքը պատերազմից չի տուժել, բայց որպես նոր բաժանմունք՝ այստեղ էլ անհրաժեշտ գույքի ու պարագաների կարիք կա:

 

Պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ Ա.Հարությունյանն արդեն իսկ տվել է համապատասխան հանձնարարականներ:

 

Նշենք, որ ոստիկանության պետի հանդիպումները բոլոր ստորաբաժանումների ծառայողների հետ, ինչպես նաև այցերը շրջանային բաժիններ ու բաժանմունքներ կշարունակվեն նաև առաջիկայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում