5000 դոլար, որը ցնցեց Մոսկվան և Հռոմը. Независимая газета-ն` ռուս-իտալական լրտեսական սկանդալի մասին
«Նեզավիսիմայա գազետա» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է ռուս-իտալական հարաբերություններում վերջին շրջանում շրջանառվող լրտեսության մեղադրանքներին:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք պարբերականի հոդվածը.
«Մոսկվան մեղադրվում է իտալական ռազմական կառույցներում հետախուզական ցանց ստեղծելու համար: Ռուսաստանի դիվանագիտական առաքելության երկու աշխատակից արտաքսվել է: Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը կանչվել է Իտալիայի արտաքին գործերի նախարարություն: Սա կարող է առաջացնել նոր պատժամիջոցներ և բարդացնել շփումները Եվրամիության այն սակավաթիվ երկրներից մեկի հետ, որը համեմատաբար աջակցում է Ռուսաստանի Դաշնությանը:
Ինչպես հայտնում է իտալական Repubblica պարբերականը, մարտի 30-ին Հռոմում ձերբակալվել է ռազմածովային սպա Վալտեր Բիոն: Նա Պաշտպանության շտաբի աշխատակից է: Այնտեղ նա, իբր, լուսանկարել է որոշ փաստաթղթեր: Բիոյին ձերբակալել են Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ զինված ուժերի սպային գաղտնի տեղեկություններ փոխանցելու ժամանակ: Նրա կալանավորումը Իտալիայի ներքին անվտանգության և տեղեկատվական գործակալության հովանու ներքո իրականացվող երկարատև գործողության արդյունք էր:
Երկրի ուժային կառույցները չեն մանրամասնում այն դրդապատճառները, որոնցով առաջնորդվել է Բիոն ռուսական հետախուզության հետ համագործակցելիս: Իտալացի լրագրողները ենթադրում են, որ սպան նման քայլի է դիմել նյութական պատճառներից ելնելով: Նա ունեցել է ընտանեկան խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է եղել գումար: Գաղտնի տեղեկատվության փոխանցման համար սպան պետք է ստանար 5 հազար ԱՄՆ դոլար:
Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ռազմական կցորդի աշխատակցի կալանավորումը: Իտալական Corriere Della Sera թերթը հայտնում է, որ վերջինս արտաքսված սպայի անմիջական վերադասն է: Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը հույս է հայտնել, որ միջադեպը չի ազդի ռուս-իտալական հարաբերությունների վրա: Նույն բանն է ասել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սակայն Իտալիայի համար սկանդալն առավել լուրջ բնույթ է ստացել: Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1989 թվականին՝ իտալական բանակի ռազմական ծրագրերը գողանալու փորձից հետո: Այդ ժամանակ ձերբակալման հրամանագրեր էին տրվել 5 անձի համար, որոնցից երկուսը, ենթադրաբար, համագործակցել են ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (КГБ), իսկ մեկը՝ բուլղարական հետախուզության հետ: Երեք օտարերկրացուն հաջողվել էր փախչել երկրից: Այդ ժամանակվանից ի վեր լրտեսական սկանդալները, որոնք համեմատելի են այսօրվա դեպքերի հետ, ստվեր չեն գցում ռուս-իտալական հարաբերություններւ վրա: Ավելին, Իտալիան ԵՄ սակավաթիվ երկրներից մեկն է, որը գոնե բառերով, կոչ է անում Մոսկվայի նկատմամբ մեղմ վարվել: Այժմ, հավանականությունը մեծ է, որ Հռոմը կփոխի իր դիրքորոշումը:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն ֆեյսբուքյան պաշտոնական էջում իր երախտագիտություն է հայտնել անվտանգության ուժերին իրականացված գործողության համար: Իտալիային համերաշխություն են հայտնել նաև ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը Իտալիայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններն անվանել է «ապակայունացնող»:
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ կանցկացվեն, քանի որ խոսքը ոչ միայն Իտալիայի Հանրապետության դեմ սպառնալիքի, այլ նաև ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության մասին է: Եվ նման հայտարարությունն արվել է չնայած այն հանգամանքին, որ Արևմուտքն ու Ռուսաստանն այժմ կանգնած են դիմակայության նոր փուլի եզրին: Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների անհրաժեշտությունը քննարկվում է ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում:
«Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի արձագանքը, ամենայն հավանականությամբ, ավելի կոշտ կլինի, քան Հռոմի հայտարարությունները»,- ասել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ Ելենա Մասլովան:
Ըստ փորձագետի՝ չնայած նրան, որ ռուսական կողմը հույս է հայտնել, որ միջադեպը չի ազդի Իտալիայի հետ հարաբերությունների վրա, դժվար թե դրանից խուսափել հնարավոր լինի: Ng.ru-ի հետ զրույցում Մասլովան հիշեցրել է, որ վերջերս երկրի իշխանական վերնախավում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կարող են բավականաչափ բացասական հետևանքներ ունենալ Ռուսաստանի Դաշնության համար:
«Նոր վարչապետ Մարիո Դրագին հաստատակամ ատլանտիստ է, և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նրա դիրքորոշումը կարող է լինել պակաս մեղմ, համեմատած նրա նախորդի՝ Ջուզեպպե Կոնտեի հետ»,- պնդել է փորձագետը:
Միևնույն ժամանակ, փորձագետը նկատել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրի միջև հարաբերություններում լրտեսության թեման առաջին անգամը չէ, որ շրջանառվում է: 2020 թվականին մոտ 100 ռուս ռազմական փորձագետ ժամանել է Իտալիա՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով: Նրանք տեղակայված էին Հռոմի մոտակայքում գտնվող Պրակտիկ դե Մարե ավիաբազայում: Այստեղ տեղադրված էին ախտահանման և ախտորոշման համար նախատեսված ռուսական բջջային համակարգեր:
«Նույնիսկ Ռուսաստանի՝ Իտալիային օգնելու ժամանակ, մամուլում լուրեր էին շրջանառվում հնարավոր լրտեսության մասին: Ի վերջո, ռուս զինվորականները գտնվում էին ՆԱՏՕ-ի օբյեկտների մոտ: Պատահական չէ, որ Իտալիան անվանում են «հատուկ ծառայությունների խաչմերուկ», որտեղ բախվում են մի շարք շահեր: Այստեղ ՆԱՏՕ-ի այդքան շատ կառույցներ չկան, բայց Ապենինյան լեռները կարևոր հենակետ են համարվում Միջերկրական ծովում»,- բացատրել է Մասլովան:
Կարծիքներ