ԵՊՀ-ն դիմել է գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել ԱՀ նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան
Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը նամակով դիմել է աշխարհի տարբեր երկրների գործընկերներին, Մայր բուհի բարեկամներին:
Այդ նամակով նա խնդրել է գործընկերներին դիմել իրենց երկրների կառավարություններին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կոչ անելով դատապարտել Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան:
Ինչպես տեղեկանում ենք համալսարանի կայքէջից, նամակում նշված է, որ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքը ռազմաօդային ու հրետանային հուժկու հարձակման է ենթարկվում ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ադրբեջանի կողմից խոշոր տրամաչափի եւ զավթողական պատերազմներին բնորոշ մահաբեր զինատեսակների օգտագործմամբ թիրախավորվում են նաեւ Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Դրա հետեւանքով զոհվում են զինծառայողներ, խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են նաեւ ՀՀ սուվերեն պետական սահմանին տեղակայված հայկական բնակավայրերը՝ պատճառելով մարդկային կորուստներ, վնասելով խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհներ, գազատարներ, երկաթուղին, կապի միջոցները եւ այլն:
«Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան ուղեկցվում է էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ աննախադեպ ծավալի ատելության խոսքով, բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով»,- նշված է նամակում:
Այնտեղ նաեւ նշվում է ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության եւ Սիրիայից, Լիբիայից ժամանած մեծաթիվ վարձկան-ահաբեկիչների ներգրավվածության մասին, մինչդեռ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2019 թ. սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն եւ սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:
«Ակնհայտ է, որ այս օրերին հայ ժողովուրդն Արցախում պատերազմում է միջազգային ահաբեկչության դեմ՝ պաշտպանելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: ԵՊՀ-ի անունից խնդրում եմ ձեզ դիմել ձեր երկրների ազգային կառավարություններին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ դատապարտելու Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան: Կոչ անելու երրորդ երկրներին, մասնավորապես՝ Թուրքիային ձեռնպահ մնալ ադրբեջանական ռազմական ագրեսիային եւ ահաբեկչական գործողություններին աջակցելուց, Պահանջելու Ադրբեջանից անհապաղ դադարեցնել ռազմական ագրեսիան եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջը՝ Մինսկի խմբի մանդատի ներքո խնդրի խաղաղ հանգուցալուծում գտնելու նպատակով»,- գրված է նամակում:
Կարծիքներ