Այս տարի հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի տեղական արտադրությունը կբավարարի մեր ռազմական պահանջարկը. նախարար

Այս տարի հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի տեղական արտադրությունը կբավարարի մեր ռազմական պահանջարկը. նախարար

5 տարվա ընթացքում Հայաստանի ռազմարդյունաբերության բյուջեն աճել է շուրջ 3 անգամ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ըստ նրա՝ 2017թ.-ին ոլորտի պետական ֆինանսավորումը կազմել է 1.6 մլրդ դրամ, 2018-ին՝ 2.4, 2019-ին՝ 3.8, 2020-ին՝ 3.3 մլրդ դրամ, որին պատերազմի ընթացքում ավելացվել է լրացուցիչ 3.4 մլրդ դրամ, իսկ 2021թ.-ի բյուջեով հատկացվել է արդեն 4.6 մլրդ դրամ:

«Հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի արտադրության այն հնարավորությունները, որ ստեղծվել են, 2021 թվականին արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել եւ այդ արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ դա վերաբերում է հրետանային միջոցներին, տարբեր տրամաչափի արկերին՝ թե՛ ականանետերի, թե՛ ձեռքի նռնականետերի արտադրության առումով։

Խոսելով անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին՝ նա ասաց, որ ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական ԱԹՍ-ների արտադրության ոլորտում հաջողություններ կան:

Նրա կարծիքով՝ դրանք իրենց պարամետրերով արտասահմանյան արտադրանքին չեն զիջում ու արդեն կարող են արտադրվել Հայաստանում. «Դրանք լայնորեն կիրառվել են Արցախյան պատերազմի ընթացքում մեր զինված ուժերի կողմից»:  

Նախարարն ասաց, որ 44-օրյա պատերազմում հայաստանյան արտադրության ԱԹՍ-ների կիրառման արդյունքում զինվորականները հատկապես գոհ են եղել հետախուզական ԱԹՍ-ների շահագործման արդյունքներից:

Բացի այդ՝ պետությունը շարունակում է ֆինանսավորել նաեւ ռադարային ու կապի համակարգերի մշակման ու արտադրության ծրագրերը՝ դրանց արտադրությունը եւս Հայաստանում հիմնելու նպատակով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում