Կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ․ Փաշինյան
Դիմակների գները նվազել են։ Այսօր կառավարության նիստին հայտարաեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում իրենց պաշտոնական ուղերձը դիմակների հետ կապված փոխվել է։ Բայց նկատում է, որ միայն մեր երկրում չէ այդպես։ Արձանագրել է, որ նույնիսկ գերզարգացած երկրի ղեկավարը, որը սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված, այսօր խոսքը փոխել է և պնդում է, որ դիմակները պարտադիր է կրել։
Վարչապետը դիմակների գների նվազման հետ կապված հարց ուղղեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին։ Նա, սակայն, այստեղ այլ խնդիր է նկատում։
«Ներկրված դիմակները, քանի որ մի քանի ամիս առաջ են ներկրվել, թանկ են ներկրվել, իսկ տեղական դիմակները 60 դրամ են, հիմա մենք ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է։ Հայաստանից 60 դրամով դիմակ է արտահանվել», - փաստեց Գևորգյանը։
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ստացվում է քաղաքացիների մեծամասնությունը գործարանային դիմակ չի կրում, իսկ իրենք ասել են, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի օգտակար են։
«Հիմա մենք ունենք գնանկում և պրոֆիցիտ, այժմ կարող ենք անցնել երրորդ փուլին, մեր բոլոր քաղաքացիներին հորդորում եմ կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ», - կոչ արեց վարչապետը։
Կարծիքներ