Ինչպես են արձագանքում միջազգային հանրությունն ու պետությունները Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչմանը

Ինչպես են արձագանքում միջազգային հանրությունն ու պետությունները Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչմանը

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ուշ երեկոյան Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքեց բարեկամության, համագործակցության և աջակցության պայմանագրեր։ Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան արդեն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այս որոշումը ոչ միանշանակ է ընդունվել աշխարհի տասնյակ երկրների, բազմաթիվ միջազգային կառույցների կողմից:

Օրինակ, ԵԱՀԿ նախագահ և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սյոդերֆելտը և Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան միաբերան հայտարարել են, որ Դոնեցկի և Լուգանսկի  անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը  իրենք համարում են որպես Մինսկի համաձայնագրերի ակնհայտ խախտում:

«Այս քայլը միջազգային իրավունքի և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների խախտում է և հակասում է Մինսկի համաձայնագրերին: Ինչպես ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, Ռուսաստանը նույնպես պարտավորվել է հարգել այլ պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին. Անմիջապես չեղարկել այս որոշումը: Ճանաչումը միայն կուժեղացնի հետագա լարվածությունը և կտարանջատի այս շրջաններում բնակվող բնակչությանը մնացած իրենց երկրից՝ Ուկրաինայից»,- ասվում է հայտարարության մեջ:

«Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների վերաբերյալ Ռուսաստանի որոշումները ծանր և հեռուն գնացող հետևանքներ կունենան»,- հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

 «Այն գործողությունները, որոնք այսօր ձեռնարկել է Ռուսաստանը, կունենան ծանր և հեռահար հետևանքներ»,- ասել է Վուդվորդը։ Նրա խոսքով, իրավիճակը կազդի Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի վրա։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Դոնբասում ռուս զինվորականներին խաղաղապահներ անվանելը «անհեթեթություն» է։

 «Նա (Պուտինը)հայտարարեց, որ ռուսական զորքերը կբերի Դոնբասի շրջաններ: Նա նրանց անվանում է խաղաղապահներ: Դա անհեթեթություն է: Մենք գիտենք, թե ովքեր են նրանք իրականում», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նա կոչ է արել միջազգային հանրությանը ձեռնպահ չմնալ այն իրավիճակից, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումից հետո, այլ հասկացնել, որ «Ուկրաինայի վրա հարձակումը ոտնձգություն է ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամի ինքնիշխանության դեմ»։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ բանակցությունների սեղանը միակ վայրն է, որտեղ պատասխանատու երկրները լուծում են իրենց տարաձայնությունները: Սա խաղաղությունը պահպանելու միակ վայրն է», - ասել է նա:

«Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանը պետք է գործերով հաստատի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում երկխոսության պատրաստակամության իր խոսքերը՝ վերանայելով ինքնահռչակ Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը»,- ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը։

Ֆրանսիացի դիվանագետը հավելել է, որ Փարիզը հատկապես անհանգստացած է Դոնբաս ռուս խաղաղապահներ ուղարկելու հնարավորությամբ։ «Նման քայլը կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման հերթական ակտը»,- ընդգծել է դե Ռիվիերը։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը անընդունելի քայլ է, որը խախտում է մինսկյան պայմանավորվածությունները և Ուկրաինայի ամբողջականությունը։

«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, բացի մինսկյան պայմանավորվածությունների խախտումից, Ուկրաինայի քաղաքական միասնության և նրա տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, մենք դա մերժում ենք»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ստեղծված իրավիճակի ֆոնին, կոչ է արել բոլոր կողմերին «խոհեմ գործել»։

Հունաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի որոշումը համարել է օրենքի խախտում, նշել, որ խորհրդակցությունների կունենա դաշնակիցների ու գործընկերների հետ այդ հարցով:

Ավստրալիան էլ, գործընկերների հետ միասին, պատրաստ է արագ և կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ կապված դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հետ, ասվում է երկրի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան Twitter-ի իր միկրոբլոգում դատապարտել է Ռուսաստանի որոշումը ։

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի երկու անջատողական շրջանների ճանաչումը ակնհայտորեն խախտում է Մինսկի պայմանավորվածությունները և վտանգի տակ է դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Մենք խստորեն դատապարտում ենք այս գործողությունը և մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Ուկրաինային»,- գրել է Կոստան։

Միացյալ Նահանգներն էլ կարծում է, որ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվան «ռազմական լուծման կողմնակից է»: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին մեկնաբանել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից:

Նշվում է, որ առաջիկա ժամերին ԱՄՆ վարչակազմը կշարունակի խորհրդակցություններն իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ։

«Ինչպես ասացինք, մենք դիվանագիտական լուծում ենք փնտրում, որը կխուսափի դաժան և ծախսատար հակամարտությունից, բայց դիվանագիտությունը չի հաջողվի, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր ուղին»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում