Դատավորին պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև քաղաքացիները. քննարկվում է նախագիծը

Դատավորին պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև քաղաքացիները. քննարկվում է նախագիծը

 ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը:

«Նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխությունները և լրացումները հանգում են հետևյալին՝ որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը: Առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահերի ապահովումը»,-ասաց պատգամավորը:

Փաթեթով առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ:

«Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու՝ հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար»,-ասաց Վարդանյանը:

Առաջարկվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով և ելնելով արդարադատության շահերից, տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների համապատասխան մասնագիտացում կամ ենթամասնագիտացում ունեցող դատավորների թվից՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը և այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելու դրսևորած հմտությունները:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը կարծիք հայտնեց, որ այս նախագծով փորձ է արվում ԲԴԽ-ին օժտել լիազորություններով՝ միջամտելու դատարանների, դատավորների աշխատանքին: Ընդ որում, պատգամավորի կարծիքով, դա նախագծում արված է անորոշ ձևակերպումներով: «Մասնագիտական քննարկումների՞ արդյունքում եք հասել նախագծի այս արդյունքին, թե՞ դուք քաղաքական որոշում ունեք, որ պետք է այստեղ կատարեք»,-հարցրեց նա:

Վարդանյանը նշեց, որ մինչ այս փոփոխությունը կարգապահական պատասխանատվության հարց կարող էր բարձրացնել արդարադատության նախարարությունը և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովը: «Մեկը կորպորատիվ շահերից ելնելով՝ ոչ բոլոր դեպքերում էր ուղարկում ԲԴԽ, իսկ Արդարադատության նախարարության կողմից այդ գործառույթի իրականացումը շատ դեպքերում դիտարկվում էր որպես ոչ այնքան ժողովրդավարության պայմաններին համապատասխանող: Հիմա այս նախագծով առաջարկվում է, որ քաղաքացին, ում նկատմամբ տեղի է ունեցել կարգապահական խախտում իր մասնակցությամբ ընթացած նիստի ժամանակ անմիջականորեն դիմի ԲԴԽ-ին, ո՞րն է այս քայլի հակաժողովրդավարությունը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում