Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը ՌԴ ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսում
Մոսկվայում մարտի 16-ից 18-ը կայացած MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանը, երկար դադարից հետո, կրկին ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել են 20 զբոսաշրջային ընկերություններ։
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է 1,5 հազար կազմակերպություն 229 երկրից, այդ թվում նաև Հայաստանը՝ մեկ միասնական տաղավարով։
Հայկական տաղավարի առաջին այցելուներից էր «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան, ով հանդիպում է ունեցել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակն ու հեռանկարները։
Երեք օրվա ընթացքում հայկական տաղավարը, Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների և Զբոսաշրջության կոմիտեի համատեղ ջանքերով, հասցրել է գրավել ռուսաստանցի այցելուների, տարբեր երեկրներից ժամանած գործընկերների ուշադրությունը՝ աչքի ընկնելով իր զբոսաշրջային առաջարկների բազմազանությամբ՝ արկածային զբոսաշրջություն, գաստրո տուրեր, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, համաշխարհային մշակութային արժեքներ և այլն։
Հայկական տաղավարի ձևավորմանն ու յուրահատուկ ներկայացմանն իր մասնակցությունն է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը։
Մարտի 17-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը՝ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի գլխավորությամբ, հյուրընկալել է այդ օրերին Մոսկվայում գտնվող Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին։ Դեսպանը կարևորել է ներկայիս դժվար ժամանակներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացումը Ռուսաստանում և հայ-ռուսական հետագա կապերի ամրապնդումը։ Ընդունելության ժամանակ դեսպան Տողանյանը հուշանվեր է հանձնել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին։ Հանդիպմանը հրավիրվել էին նաև Ռուսաստանի զբոսաշրջային բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։
Ավելի վաղ՝ մարտի 9-ից 12-ը, Զբոսաշրջության կոմիտեն, 21 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, առցանց ձևաչափով մասնակցել է ITB Berlin միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկին։
Կարծիքներ