Պարտադիր զինծառայության ամառային զորակոչ և զորացրում հայտարարվեց․ կառավարության որոշումը
Կառավարությունը ապրիլի 15-ի նիստին որոշում է ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին։
Որոշմամբ սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Այսպիսով․ ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայտարարել 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2․ 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3․ Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
4․ 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2022 թվականի հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:
5․ 2022 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
6․ Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
7․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել 2022 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։
8․ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ:
9․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
10․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:
11․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:
12․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
13․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
14․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) մինչև 2022 թվականի մայիսի 17-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.
2) մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
15․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կարծիքներ