Ստեփանակերտի քաղաքապետի ու Արցախի նախագահի՝ լարված հարաբերություններ ունենալու մասին պնդումը կեղծ է
Լրատվամիջոցներից մեկը ապրիլի 14-ին տարածած «Ստեփանակերտի քաղաքապետն ու Արցախի նախագահը վիճե՞լ են» վերտառությամբ նյութում ի մասնավորի նշել է, թե Ստեփանակերտի քաղաքապետը վերջին շրջանում շատ լարված հարաբերություններ ունի ԱՀ նախագահի հետ, անգամ վիճաբանել են:
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ի պատասխան այս պնդման ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ որպես Ստեփանակերտի քաղաքապետ՝ վստահեցնում է, որ այդ պնդումը իրականության հետ ոչ մի աղերս չունի:
«Ինչ վերաբերում է որպես այդ պնդման ապացույց ներկայացված փաստին, թե Մարտակերտում շրջանի պատասխանատուների հետ նախագահի հանդիպմանը ես ներկա չէի, մեղմ ասած՝ լուրջ չէ:
Խոստովանեմ, որ չեմ մասնակցել նաև Ասկերանում նույն ձևաչափով կայացած հանդիպմանը, այն պարզ պատճառով, որ այդ հանդիպումները նվիրված էին կոնկրետ շրջանների և այնտեղ առկա խնդիրներին, որոնք Ստեփանակերտի հետ որևէ առնչություն չունեն: Փոխարենը, որպես Ստեփանակերտի քաղաքապետ, մասնակցում եմ այն հանդիպումներին ու քննարկումներին, որտեղ արծարծվում են նաև մայրաքաղաքին առնչվող թեմաներ: Դրանցից վերջինը Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած կառավարության նիստն էր ապրիլի 9-ին և նույն օրը նախագահի նստավայրում կայացած խորհրդակցությունը՝ պարենային անվտանգության թեմայով»,-նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ ակնկալում է վերը նշված տեղեկությունը հրապարակած լրատվամիջոցից դրա հերքում և հավելել, որ ինչպես պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր Ստեփանակերտի իշխանության օրակարգում չպակասող մարտահրավերների դեմ միասնական ուժերով արդյունավետ պայքարն է:
Կարծիքներ