«Չսերը» նոր շունչ է հաղորդել Ստանիսլակսկու անվան դրամատիկական թատրոնին

«Չսերը» նոր շունչ է հաղորդել Ստանիսլակսկու անվան դրամատիկական թատրոնին

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը նոր շունչ է հաղորդում իր հանդիսատեսին․ այն համալրվել է նոր ներկայացումով։ Մարտի 21-ին տեղի ունեցավ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու» պատմվածքի հիման վրա բեմադրված «Չսեր» հոգեբանական դրաման: Բեմականացումը՝ Սերգեյ Թովմասյանի, թարգմանությունը՝ Մարինե Մարինոսյանի: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է։

Սա պատմություն է կոտրված հույսերի, ցանկությունների և սիրո պակասի մասին: Պիեսում հանդիպում ենք տարբեր կանանց դրամատիկ պատմությունների։ Շատ քիչ ժամանակում ներկայացումը հասցրեց սիրվել և մեծ գնահատականի արժանանալ։ «Չսեր» հոգեբանական դրաման «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում արժանացավ տարվա «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգին։

Freenews.am-ի հետ զրույցում  ներկայացման ռեժիսոր, բեմադրիչ Նորա Գրիգորյանը նոր և հետաքրքիր մանրամասներ է պատմել։

«Իրականում շատ դժվար թեմա է, բայց վերջում մենք լույս ենք թողել։ Այդ ներկայացման մեջ հանդիսատեսը տեսել է զգացմունքային բոլոր սպեկտրները՝ սեր, դաժանություն և այլն։ Ներկայացումից հետո, հանդիսատեսը դրական արձագանքեց։ Նախ գրեցին ֆեյսբուքյան էջիս, որ չեն կարողանում այդ մթնոլորտից դուրս գալ, քանի որ փորձել ենք Մարկեսյան մթնոլորտ ստանալ։ Կար հանդիսատես, որը մոտեցավ և ինձ ասաց, որ ներկայացումից հետո ինքը հասկացել է, թե կյանքն ինչ հիասքանչ է։ Առաջին անգամ աշխատել եմ  նկարիչ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի հետ, որը շատ հետաքրքիր բեմական լուծում է տվել։ Ես ուզում էի, որ թատրոնի ներսում լինի թաց ներկայացում, և իմ երազանքը կատարվեց» ,-ասաց Գրիգորյանը:

Նորա Գրիգորյանը պատմում է, որ ներկայացումը ստեղծել են երկու ամսվա ընթացքում։ Դժվար է եղել, քանի որ ռեժիսորը փորձել է ստանդարտներից դուրս ստեղծագործել։ Ըստ Գրիգորյանի՝ նա ցանկանում էր նոր լուծումների անցնել , փնտրում էր պլաստիկայի և խոսքի համադրությունը։ Իր համար անսպասելի էր, որ «Չսերը» կարժանանա «Լավագույն երիտասարդական ներկայացում» մրցանակին։

«Շնորհակալ եմ, որ գնահատեցին, քանի որ ես առաջին անգամ դուրս էի եկել դասական սխեմատիկ ներկայացումից և փորձել էինք դերասանների հետ գժվել։ Դերասաններն ամեն օր նոր առաջարկներով գալիս էին, ակտիվ քննարկում էինք՝ ինչը ոնց կարող է լինել։ Ինձ դուր է գալիս, որ իմ դերասաններն ընդունում են իմ խաղի կանոնները և մենք միասին դառնում ենք ներկայացման համահեղինակ։ Լավագույն երիտասարդական ներկայացումը բոլորիս աշխատանքի գնահատականն էր։ Շատ հաճելի էր, որ նկատեցին և գնահատեցին։ Ես՝ որպես նոր ռեժիսոր, նոր քայլեր եմ անում, նոր ֆորմաներ եմ փնտրում։ Ինձ համար շատ կարևոր էր, որ այս աշխատանքը նկատեն և գնահատեն։ Այս դեպքում կարելի է ուրախանալ , քանի որ գնահատականը ցույց տվեց, որ սխալ ճանապարհով չենք գնում »,- եզրափակեց Նորա Գրիգորյանը ։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում