Ինչպե՞ս երեխային ասել, որ հայրը զոհվել է հանուն հայրենիքի․ մանրամասնում է հոգեբանը

Ինչպե՞ս երեխային ասել, որ հայրը զոհվել է հանուն հայրենիքի․ մանրամասնում է հոգեբանը

Պատերազմական շրջանը հոգեբանական մեծ ճնշում և ազդեցություն է ունենում մեզնից յուրաքանչյուրի վրա։ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դասախոս Լիլիթ Վարդանյանը Freenews.am-ի հետ զրույցում խոսել է այս շրջանում հոգեբանական աջակցության մասին։ 

Տիկին Վարդանյան, Դուք էլ շատ հոգեբանների հետ միասին կամավոր գրանցվել  և աշխատում եք տարբեր հիվանդանոցներում՝  հոգեբանական աջակցություն ցուցաբերելով վիրավորում ստացած զինծառայողներին և նրանց հարազատներին։ Արդյո՞ք հեշտ է այս փուլում իրենց հետ աշխատելը

- Այս փուլի աշխատանքը հոգեբանական սատարման և հոգեբանական առաջին օգնության աշխատանք է, որը ակտիվ լսելուն և հոգեբանական ապահով միջավայր ստեղծելուն է ուղղված։ Հոգեթերապևտիկ աշխատանք չէ։ Պատերազմը թողնում է իր հետևանքները, որպեսզի հետագայում ավելի բարդ խնդիրների հետ չառերեսվենք այս փուլում օգտակար է լիցքաթափվելը և բացասական ապրումներից ազատվելը։

Ենթադրում եմ, որ այս ընթացքում շատերը  խուսափում են հոգեբանների հետ շփումից, նշելով, որ պատրաստ չեն խոսել։ Ինչպե՞ս եք կարողանում կոնտակտի դուրս գալ նրանց հետ և ինչպե՞ս եք շահում նրանց վստահությունը․

-Այո լինում են դեպքեր, որ վիրավորները նշում են՝ հոգեբանի կարիք չունեն, ամեն դեպքում թողնում ենք հեռախոսահամար, քանի որ այդ պահին գուցե պատրաստ չեն, ավելի ուշ՝ հնարավոր է ցանկանան։ Հաճախ աշխատում ենք խնամողների՝ մոր, քրոջ, կնոջ հետ, որոնք արտաքին ռեսուրսներ են։ Այս մասով բացատրում, լուսավորչական աշխատանք ենք կատարում՝ ինչպես իրենց հույզերը կառավարեն, ինչպես հասկանանան, որ պատերազմը վերապրած մարդը կարող է ունենալ բնավորության փոփոխություն, տրամադրության փոփոխոթյուն, անքնություն, ավելի դյուրագրգիռ լինել․ պետք է այս ամենին վերաբերվեն հանդուրժողականությամբ։

Հիմնականում ինչի՞ մասին եք խոսում վիրավորում ստացած զինվորի հետ, և որքանո՞վ է այդ խոսակցությունը նպաստում ավելի արագ ապաքինմանը․

- Ես կարող եմ ասել աշխատանքի բնույթը՝  ապրումների հետ աշխատանք, հոգեբանական առաջին օգնություն, ապահովության զգացման վերականգնում, շնչառական ռելաքսացիոն վարժանքեր, եթե վիրավորի ֆիզիկական վիճակը թույլ է տալիս, սակայն ի՞նչ ենք խոսում․ դա անթույլատրելի է հրապարակել։ Հոգեբանական աշխատանքը ունի գաղտնիության սկզբունք, որը խախտելը հոգեբանական աշխատանքի էթիկական նորմի խիստ խախտում է։

Մինչ այս պահը ի՞նչ խնդիրներ եք դուրս բերել զինվորների և նրանց հարազատների հետ հոգեբանական աշխատանք կատարելիս․

-Մինչ այժմ ամենատարածված հոգեբանական  խնդիրներն են, բարձր դիմադրությունը, անտեսումը, ճնշումը, /ես լավ եմ իմ հետ ոչինչ չի պատահել/, մեղավորության զգացումը,  մարտական ընկերների կորստի ծանր ապրումները և այլն, որոնց մասին ևս նպատակահարմար չեմ գտնում հրապարակել։

Տիկին Վարդանյան, համացանցում հայտնված կոչերը, հեշթեգները, ինչպե՞ս են ազդում մեր քաղաքացիների ենթագիտակցության վրա․

- Դիրեկտիվ, ուղղակի բնույթի մարտակոչերը կարող ենք առաջացնել բարձր դիմադրություն և շատ հակասական տրամադրություններ ու վերաբերմունք։ Ավելի ազդեցիկ են հաջողված պատմությունները, հերոսական դրվագները ներկայացնելը։

Ես տեսա Արցախի նախագահի պարգևատրման արարողությունը կամավորներին, շատ ոգեշնչող է․ հազար մարտակոչ արժի՝ իր ողջույնի խոսքը, իր ձեռքսեղմումը, եղբայրաբար գրկելը։ Նկատեցի որ արիության ու խիզախության մեդալներ ստացողներն էլ  համեստ տղաներ են, որոնք գիտեն, թե  ուր են գնացել և ինչի համար,  հենց իրենք են կերտում մեր հերոսամարտը։  

Պատերազմական շրջանը նաև նստվածք կթողնի երեխաների հոգեբանության վրա, քանի որ նրանցից շատերը կորցրեցին իրենց հայրերին, եղբայրներին։ Հարցս հետևյալն է, մայրն ինչպե՞ս պետք է երեխային ասի, որ հայրը զոհվել է հանուն հայրենիքի․

-Այո, ոչ միայն երեխաների, այլ բոլորի կյանքում պատերազմը բեկումնային է։ Պատերազմ ապրող մարդու կյանքը բաժանվում է  երկու մասի՝ մինչ պատերազմը և պատերազմից հետո։ ՄԵծահասակների համար թերապևտիկ կլինի հետևություններ անելը, որպես փորձ, թեկուզ շատ ցավոտ, բայց փորձ ընդունելը, ինչ փորձ տվեց մեզ։ Տարիքային տարբեր փուլերում մարդը տարբեր կերպ է ընկալում մահվան գաղափարը, մինչև 7 տարեկան երեխան չի ընկալում մահվան, կորստի անդարձելությունը։ Բայց նաև երեխային փակել այս իրականությունից և ձևացնել որ ոչինչ չի պատահել ևս չենք կարող։ Ուստի կան թերապևտիկ հեքիաթներ, պատմություններ, որի միջոցով մենք հերոսապատում կստեղծենք, կհերոսացնենք հայրիկին, որ ինքը ազատագրել է հայրենիքը․ ինքը հերոս է։ Երեխայի հետ այս թեմաներով խոսելիս պետք է գրկել, շոյել, որ զգա՝ ինքը մենակ չի։ Առօրյայում իրենք ավելի լավ են հաղթահարում, քան մեծահասակները։ Իրենք զբաղվում են խաղով , հասակակիցների հետ շփվելով։ Շատ պետք է խաղալ երեխայի հետ, խաղը ևս թերապևտիկ միջոց է,  երեխան պետք է խաղի միջոցով արտահայտվի, դուրս բերի իր հոգեբանական տրավման։ Որպես մասնագետ՝ ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս դիմանալ պատերազմի հոգեբանական հարվածներին, որպեսզի դրանք հոգեկան տրավմաների պատճառ չդառնան.

-  Այս հարցին երեք պատասխան ունեմ․

1․Ինքներս մեզ հարց տանք՝ ինչպե՞ս եմ ես ընկալում այս իրավիճակը, ի՞նչ եմ զգում և ին՞չ եմ անում։

Օգտակար լինելու զգացումը մեզ կօգնի հաղթահարել, փոխօգնության ձգտումը, ինչը մենք հիմա անում ենք։ Ով ինչով կարողանում է ուժերի ներածին չափով իր ներդրումն  ունի, ինչը մեզ օգնում է հաղթահարել անկարողության ու սեփական մեղավորության զգացումը։

2․Կյանքի իմաստ գտնելը, որը ավելի արտահայտված կլինի պատերազմից հետո, կյանքի իմաստ որոնելը ու գտնելը, միշտ ելք կա, եթե թվում է, որ վերջ այլևս ելք չկա, այլևս կյանքն իմաստ չունի․ այս մտքերով մենք մեզ դատապարտում ենք, ամեն մարդու կյանքի իմաստը շատ սուբյեկտիվ է, մեկը բարեգործություն կանի, մեկը հող կմշակի, մեկը նորածին կունենա։ Ամեն մեկն իր համար յուրովի կգտնի իր կյանքի իմաստը։

3․ Լավատեսություն, լավատեսություն, կրկին լավատեսություն։ Հոգեբանության մեջ մի ուղություն կա պոզիտիվ հոգեթերապիա։ Ես ինքս ինձ համար որոշել եմ զբաղվել հենց այս ուղղությամբ, որը ապագային ուղղված թերապիա է։

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում