Ադրբեջանը հող է նախապատրաստում 2025-ին ռուսական խաղաղապահ զորակազմը Արցախից դուրս բերելու համար․ Նորայր Նորիկյան

Ադրբեջանը հող է նախապատրաստում 2025-ին ռուսական խաղաղապահ զորակազմը Արցախից դուրս բերելու համար․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու գրել․

«Ադրբեջանը հող է նախապատրաստում 2025թ․ ռուսական խաղաղապահ զորակազմը Արցախից դուրս բերելու համար․․․

Հասկանալի է, որ Ադրբեջանը չի կարող հարատև փակ պահել Հայաստանը-Արցախի հետ կապող միակ ճանապարհը, թեկուզ միայն այն պատճառով, որ շատ արագ կմեղադրվի Արցախում հումանիտար աղետ ստեղծելու, 2020թ․ նոյեմբերի 9-ին հաստատված ստատուս քվոն խախտելու, ստանձնած պարտավորությունները չկատարելու և ի վերջո՝ բացահայտ կերպով ռուսական խաղաղապահ առաքելության նկատմամբ դեմարշ իրականացնելու մեջ։

Ինձ թվում է, որ Ադրբեջանի ձեռնարկած դեմարշն ավելի շատ ոչ թե հայ-ադրբեջանական հակադրության ակվարիումի մեջ է, այլ տեղավորվում է ռուս-թուրքական գլոբալ աշխարհաքաղաքական «Առևտրի» համատեքստում․․․

Այնուամենայնիվ, փակել Արցախ տանող ճանապարհը, նշանակում է փակել նաև ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի սնուցման ուղին, ինչը երկարատև ժամանակով, համաձայնե՛ք, որ անհնար է։

Հետևաբա՛ր, պետք է հասկանալ, թե ռազմավարական համատեքստում ի՞նչ խնդիր է փորձում լուծել պաշտոնական Բաքուն, և արդյո՞ք կհասնի այդ խնդրի լուծմանը ու ի՞նչ գնով։

Ինձ համար ակներև է, որ Ադրբեջանը սկսել է ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը վարկաբեկելու և, ըստ էության, նրանց դուրս բերելու գործընթացը հիմնավորելու համար հանրային տրամադրություններ ստեղծելը։

Ավելի պարզ, մեզ համար այս պահից պետք է ակնհայտ լինի, որ 2025թ․ գարնանը Ադրբեջանն առարկելու է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը Արցախում երկարաձգվի ևս 5 տարի ժամկետով, ուստի հայկական կողմի համար ռազմավարական խնդիր է՝ գտնել այս բարդագույն խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները։

Իհարկե՛, ռուսական խաղաղապահ առաքելությունը չի փայլում իր անթերի աշխատանքով։ Միայն ադրբեջանական ՛՛ակտիվիստների՛՛ կողմից Լաչինի միջանցքի փակումը բավարար է՝ արձանագրելու համար, որ ռուսական խաղաղապահ առաքելության ոչ լիարժեք գործունեության արդյունքում է, որ այդ կոնտինգենտը հայտնվել է բացառապես ռուսական իրավազորության ներքո գտնվող տարածք։

Սակայն, եթե հայկական կողմի դժգոհությունը ռուսական խաղաղապահներից հետապնդում է նրանց գործունեության արդյունավետության ապահովման նպատակ, ապա ադրբեջանցիների դժգոհության իրական նպատակը վերջնահաշվում նրանց Արցախից դուրս բերելն է։

Այս համատեքստում չափից դուրս ուշագրավ է և պատահական չէ նաև քիչ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ․ Բայրամովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու նպատակով առաջիկա շաբաթների ընթացքում տեղի կունենա բանակցությունների հաջորդ փուլը։

Այս հայտարարությամբ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Բաքուն պաշտոնական Երևանի հետ որևէ անլուծելի խնդիր չունի և գտնվում է կառուցողական քննարկման գործընթացի մեջ՝ խաղաղություն հաստատելու օրակարգով, իսկ արցախյան «բնապահպանական» պատճառներով պայմանավորված Լաչինի միջանցքի փակումը դա զուտ ներադրբեջանական հարց է, որը չի վերաբերում Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների կարգավորմանը։

Ինչևէ՛, ակնհայտ է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքն օգտագործում է որպես ճնշման գործիք՝ իր ռազմավարական նպատակներին հասնելու համար, և այս իրադրության պայմաններում անհրաժեշտ է ստանալ հետևյալ պարզ հարցերի պատասխանները․

1. Հայաստանն ունի՞ որևէ ներուժ՝ զրկելու Ադրբեջանին Լաչինի միջանցքը որպես գործիք հայկական կողմի վրա գործադրելու հնարավորությունից, եթե այո, ապա ինչու՞ չի գործադրվում այդ ներուժը։

2. Ադրբեջանցիների դեմարշը ինչ-որ փուլում կարո՞ղ է սրել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, եթե այո, ապա դրանից արդյո՞ք բնականորեն կշահի հայկական կողմը, թե՞, այն նույնպես բացասական ազդեցություն կունենա մեզ վրա։

3. Հնարավո՞ր է, որ այս գործընթացը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության խուլ ու լուռ համաձայնության լույսի ներքո, եթե այո, ապա ի՞նչ նպատակով, կամ այլ կերպ ասած՝ ի՞նչ է ակնկալվում հայկական կողմից, որի մերժումը հանգեցրել է այսպիսի զարգացման։

4. Այս պայմաններում հնարավո՞ր է ապահովել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հաստատման նպատակով բնականոն ու արդյունավետ բանակցություններ, ինչի մասին խոսում է Բայրամովը։

5. Պաշտոնական Երևանն ունի՞ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համապարփակ հայեցակարգ, թե՞ ամբողջությամբ ընկղմված է ադրբեջանական օրակարգի շրջանակում իրականացվող բանակցությունների մեջ՝ այս կամ այն տարրի նկատմամբ արտահայտելով իր դիրքորոշումը։

6. Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում պաշտոնական Երևանն ունի՞ համապարփակ հայեցակարգ, թե՞ ոչ։

7. Ինչպե՞ս են պատկերացնում Արցախի իշխանությունները Արցախի հիմնախնդրի լուծումը և կոնկրետ Ռուբեն Վարդանյանը՝ որպես Արցախում իրական իշխանություն կրող անձ, ինչպե՞ս է պատկերացնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում