Իտալիայի համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում. Սերջո Մատարելլա

Իտալիայի համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում. Սերջո Մատարելլա

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի այս այցը Իտալիա պատմական է, այն համընկնում է Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակի հետ։ Այս մասին նշել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան ՀՀ նախագահի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ։

«Կրկին իմ ջերմ շնորհավորանքներ եմ հղում նախագահ Արմեն Սարգսյանին։ Ուրախ եմ, որ կկարողանանք իրականացնել այս այցը, որը հետաձգվել էր համաճարակի պատճառով։ Հայաստանն ու Իտալիան կարող են պարծենալ բարեկամական հարաբերություններով։ Մենք ունենք մի շարք համագործակցության ոլորտներ։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սարգսյանին ՄԱԿ֊ի խաղաղապահ ուժերում Հայաստանի ներգրավվածության համար», -  ասաց Իտալիայի նախագահը։

Սերջո Մատարելլան նկատեց, որ երկու երկրների գործընկերությունը վերահաստատվեց նաև համաճարակի ժամանակ։ Նա ընդգծեց, որ երկու երկրների բժիշկներն այս ընթացքում աշխատել են ուս ուսի տված։ Աշխատանք է տարվել «Կովաքս»-ի հետ Հայաստանին պատվաստանյութեր տրամադրելու ուղղությամբ։

«Իտալիայի համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում։ Մենք գիտենք, որ ՀՀ-ում տեղի են ունենում բարեփոխումներ, պատրաստ ենք փորձի փոխանակում իրականացնել այն բնագավառներում, ինչպես օրինակ իրավական, դատական համակարգն է։ Հանդիպմանը խոսեցինք այն հետաքրքրությունների մասին, որ իտալական ընկերությունները տածում են Հայաստանի շուկայի նկատմամբ։ Որոշ ընկերություններ արդեն հաստատվել են Հայաստանում», - ասաց նա։

Հայաստանի և Իտալիայի նախագահները խոսել են մշակութային ոլորտում բարձր որակի, ինչպես նաև տեխնոլոգիական, գիտական բնագավառում համագործակցության մասին։ Սերջո Մատարելլան նշանակալի համարեց Իտալիայի նախագահի պալատում 19-20 րդ դարի հայ մեծանուն նկարիչների աշխատանքների ցուցադրության բացումը, որի համար շնորհակալություն հայտնեց նախագահ Սարգսյանին։

Նախագահ Մատարելլան ընդգծեց, որ Իտալիան շատ մեծ նշանակություն է տալիս ՀՀ ԵՄ համագործակցությանը։ Նա մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց Արմեն Սարգսյանին իր այցի համար՝ ընդգծելով, որ այն լավ առիթ է վերահաստատելու երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում